Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը ձեռնտու չի լինի Հայաստանին. դա հակասում է Երևանի շահերին՝ РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար. մի քանի տարում Հայաստանը Միության շրջանակներում առաջատար է դարձել ՀՆԱ-ի աճով, հիմնական կապիտալում ներդրումներով, կատարված շինարարական աշխատանքների ծավալով և այլ ցուցանիշներով:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջնահերթությունները համահունչ են ինտեգրման կառուցման ոլորտում մեր մոտեցումներին։ Տրամադրված ենք արդյունավետ համագործակցությանը»,- հավելել է Պանկինը։
Այս տարվա հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Հայաստանին։
Անդրադառնալով Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությանը՝ Պանկինը նշել է, որ Մոսկվան «ԱՊՀ-ի պառակտման նշաններ չի տեսնում»: Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն Է ԱՊՀ-ում և համագործակցության շահագրգիռ մասնակից:
«Որոշակի փուլում իսկապես տեղի է ունեցել Երևանի ակտիվության նվազում ԱՊՀ հարթակում: Սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել»,- ասել է դիվանագետը: