ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Երևանին:
«Շնորհավորում եմ բոլորիս: Րոպեներ առաջ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում կայացրեց 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակություն, շուրջ չորս հազար մասնակից: Բոլորիս ուժ այս աննախադեպ ծավալի մրցումը մեր երկրում պատվով ընդունելու համար»,- գրել է նա:
2023 թվականի դեկտեմբերի 14-ին Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ և քննարկել Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027թ․ հյուրընկալելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտը:
Դեկտեմբերի 15–ին վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել էր ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի ընթացքում ևս քննարկվել էր Հայաստանի թեկնածության հայտը։