Ադրբեջանում ներկայացրել են նախագահի արտահերթ ընտրության թարմացված տվյալները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քվեաթերթիկների 93,35 տոկոսի մշակման արդյունքում Իլհամ Ալիևը ստացել է ձայների 92,05 տոկոսը: Մյուս թեկնածուներից Զահիդ Օրուջը հավաքել է ձայների 2,19 %-ը, Ֆազիլ Մուստաֆան՝ 2 %-ը, Գուդրյաթ Հասանգուլիևը՝ 1,76 %-ը, Ռազի Նուրուլլաևը՝ 0,8 %-ը, Էլշադ Մուսաևը՝ 0,67 %-ը, Ֆուադ Ալիևը՝ 0,53 %-ը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 76,73 տոկոս, ընդհանուր առմամբ քվեարկել է 4 մլն 971,032 հազար ընտրող: Ադրբեջանի ընդդիմությունը դատապարտել է տեղի ունեցած ընտրությունը՝ հայտարարելով՝ չի ընդունում դրա արդյունքը: «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն այն որակել է ոչ լեգիտիմ, ոչ ազատ և ոչ մրցակցային: Իսկ «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում շեշտել է, որ տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունն անցկացվել է առանց հանրային քննարկման, քաղաքական հետապնդումների մթնոլորտում և պահանջել նոր ընտրություն անցկացնել:
Մանրամասները՝ ռեպորտաժում։