Մի խումբ ծնողներ, ուսուցիչներ, մասնագետներ շարունակում են բոյկոտել «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու նախագիծը: Դուք փորձե՞լ եք հանրային լսումներ կազմակերպել կամ հանդիպել այդ մասնագետների հետ: Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին նման հարց ուղղեց լրագրողներից մեկը:
«Ո՞ր մասնագետների, ո՞ւմ հետ պետք է հանդիպում լինի»,- պատասխանեց նախարարը՝ ընդգծելով, որ ինքը կրթական համակարգի շահառուների հետ պարբերաբար ունենում է հանդիպումներ, ինչն իր աշխատանքի անբաժանելի մասն է:
Լրագրողներից մեկը նախարարին խնդրեց պարզաբանել՝ Կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ «Հայոց պատմությունը» պետք է դառնա «Հայաստանի պատմություն», e-draft-ում ամենաշատ «դեմ» ձայներ ստացած նախագիծն է, սակայն եղել են նաև մեծ թվով «կողմ» ձայներ, ինչով է դա բացատրվում:
«Շատ պարզ: Կան մարդիկ, որոնք կողմ են այդ դիրքորոշմանը և այդ մոտեցմանը: Այդ մարդիկ շատ են, ձեր շուրջը նայեք՝ կտեսնեք»,- խոսքը եզրափակեց Ժաննա Անդրեասյանը: