ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2023 թվականի ապրիլի 4-ին կայացված վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանի անվամբ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 2,4993 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այժմ առաջարկվում է հողամասն ամրագրնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Կառավարության՝ փետրվարի 8-ի նիստին, անդրադառնալով առաջարկին և այդ մասով հարուցված քրգործին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ վճռով 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունք:
Քննարկման շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ կա երկու հարց, որոնց մասով իշխող ուժին ամենաշատն են քննադատում: Մեկը վերաբերում է քրեական գործերի վաղեմության ժամկետներին և դատարանների քննության մասով դրանց ձգձգմանը: Մյուս հարցը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգին:
«Ի՞նչն էր այդ «թուքումուրի» իմաստը, որ մարդիկ մեզ մեղադրում էին և մեղադրում են, թե հեղափոխությունից հետո ինչու գործիքները չենք վերցրել և գնացել տեղում [լուծել հարցը],- ասաց վարչապետը և հավելեց, որ որոշում է կայացվել, որ պետք է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով: Օրենսդրությունը քննարկման ժամանակ անգամ հարց էր բարձրացվում, թե ինչքանով է գործընթացը սահմանադրական կամ հակասահմանադրական. «Ի վերջո, 2023-ից առաջին ծիծեռնակները երևացին: Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ գործող և գործունակ ինստիտուտ ենք հիմնադրել, և այս ճանապարհին մեզ անակնկալներ չեն սպասվում. նկատի ունեմ լեգիտիմությունը»:
Աննա Վարդապետյանը տեղեկացրեց՝ ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ ինստիտուցիոնալ, հետևողական աշխատանքը միջազգային որոշակի հետաքրքրություն է առաջացրել, և շատ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, ուզում են ուսումնասիրել հայկական փորձը:
«Անցած տարի մենք Ղազախստանի մեր գործընկերներից հայց ստացանք, թե խնդրում ենք մեզ բացատրել ձեր ինստիտուտի նրբությունները և օգնել որոշակի առումով բարեփոխումների ենթարկել ղազախական ընթացակարգերը: Մենք սիրով համաձայնել ենք և կիսվել մեր փորձով: Այսինքն՝ մենք ձևավորել ենք իրավական մի պրոդուկտ, որը շուտով կսկսենք նաև «արտահանել»: Սա հետևողական իրավական ճիշտ աշխատանքի արդյունք է»,- ասաց նա:
Վարդապետյանը նաև կարծիք հայտնեց, որ այս մասով արդյունք չէր գրանցվի, եթե գործընթացը «ճիշտ» սկսած չլինեին. «Սա մեզ ապահովագրելու է հետագայում «ինքնադատաստանի» մեղադրանքներից պաշտպանվելիս հատկապես եվրոպական դատարանում, հատկապես սեփականության իրավունքի պաշտպանության առումով, և նույն աշխատանքը մենք իրականացնում ենք նաև պետշահերով»: