Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
«Խոսքը Սևանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին է։ Մենք չափաքանակը հաստատելիս հիմնվում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա»,- ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։
«2023 թ. դեկտեմբերին մենք ստացել ենք տվյալները, ըստ որոնց՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորրսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար։ Տեղեկացնեմ, որ 2020 թվականից ենք մենք սկսել քվոտայի տրամադրումը։ 2021 թվականին եղել է 300 տոննայի շրջանակում, 2022-ին, 2023-ին եղել է 600 տոննայի շրջանակում։ Ասեմ, որ 2024 թվականի հուլիսին ակադեմիան նոր ուսումնասիրություն կանի՝ հասկանալու համար՝ նոր քվոտայի հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ: Որոշման ընդունումից հետո ձկնորսները կարող են դիմել օրինական որսի քվոտա ստանալու համար»,- նշեց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամկետն է, և կարծում եմ՝ առաջին անգամ այս տարի մեզ հաջողվեց Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 և ավելի տոկոսով բացառել սիգի որսը։ Այդ արգելքի շրջանում մեկ-երկու դեպք էլի բացահայտվեց, որ որս է իրականացվում։ Ըստ էության, երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, որ իրականում այդ արգելքը գործադրվում է։ Սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ և օգնությամբ, և սա այն դեպքերից է, երբ որ ասում եմ, որ կան իրավիճակներ, որ միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Սրանից առաջ էլ մենք քաղաքական կամք ունեցել ենք, որ սիգի ձվադրման շրջանում արգելենք որսը, իրոք, ցանկացել ենք դա անել, բայց քաղաքական կամքը բավարար չէ. սրա համար պետք է ունենալ գործիքներ: Այդ գործիքը ստեղծվեց, ընդ որում՝ առաջին անգամ Սևանա լճի վրա ջրային պարեկային ծառայությունը և առափնյա ծառայությունը, որի բացումը մենք արեցինք, և մեր իրավապահ մարմինների համագործակցված և ՏԻՄ և պետական մարմինների համատեղ աշխատանքը Շրջակա միջավայրի նախարարության, ազգային պարկի համատեղ աշխատանքով դա իրականացվեց։ Նաև ուզում եմ ասել, որ Սևանա լճի ջրային պարեկային ոստիկանությունը մենք պլանավորում ենք 2024 թվականին համալրել նոր տեխնիկայով՝ 2 մոտորանավակով՝ պետբյուջեի միջոցներով. դրանք գտնվում են ՀՀ ճանապարհին»։