Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ բազմաթիվ վճիռներ են կայացվում, և նույնիսկ այն դեպքում, երբ դատարանը համաձայնում է, որ տեղի է ունեցել վիրավորանք, զրպարտություն, այնուամենայնիվ, դատավորները խուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանելուց: Ազգային ժողովի՝ փետրվարի 8-ի նիստին նման նկատառում արեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ խոսքը պատասխանող կողմին հնարավորինս շատ ծանր իրավիճակում դնելը չէ:
«Բայց կա մեկ այլ ծայրահեղություն, երբ փաստաբանի ծախսը, նույնիսկ պետտուրքի ծախսը դատարանը, կայացնելով որոշում, որով փաստում է, որ տեղի է ունեցել վիրավորանք, զրպարտություն, չի փոխհատուցում հայց ներկայացրած անձին»,- ասաց ԱԺ խոսնակը՝ նշելով, որ բազմաթիվ նման գործեր կան, նաև իր կողմից ներկայացված հայցեր, երբ դատարանը մինիմալ շեմն է սահմանում:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԱԺ խոսնակի մտահոգությանն անդրադառնալով, նշեց, որ դատարանն ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատության չարաշահող սուբյեկտը, իր ֆինանսական վիճակից ելնելով, ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Բայց նաև կարծիք հայտնեց, որ կարելի է այդ շեմին օրենսդրությամբ որոշակի հստակեցում տալ, որը կօգնի դատավորին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում:
Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ դատական համակարգից, բնական է, կա դժգոհություն, և կա դժգոհություն ոչ միայն իր, այլև բազմաթիվ քաղաքացիների կողմից, ապա հավելեց, որ այն բոլոր դեպքերում, երբ դատավորների գործունեության, գործողությունների հետ կապված կան մտահոգություններ, կա հնարավորություն նաև քննարկման դնելու դատավորի կողմից կայացված այդ գործողությունը: «Մեր համաքաղաքացիները պետք է այդ հնարավորությունից օգտվեն, և դատավորները նույնպես պետք է իմանան, որ նրանց որևիցե որոշում՝ անկախ նրանից, թե ում է դա վերաբերում, չի անտեսվելու, և իմանան, որ մեր քաղաքացիներն այդ որոշումների հետևից գնալու են»,- նշեց ԱԺ նախագահը:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դրական գնահատեց այն, որ դատական համակարգի խնդիրների ու մտահոգությունների մասին բարձրաձայնվում է ԱԺ-ի բոլոր թևերից: «Սա կարող է և՛ լավ, և՛ վատ ընկալման պատճառ լինել, բայց ես մի բան էլ եմ ուզում շեշտադրել, որ երբ դատական իշխանությանը թողեցին, որ իրենց յուղի մեջ տապակվի, այսինքն՝ գործի անկախ և լիարժեք, լինի իր իսկ որոշումների տերը, դա ոչ մեկին իրավունք չտվեց զգալ, որ դատավորը կամ դատական իշխանությունն անկախ է նաև օրենքից, և հենց այդ պատճառով վստահ եմ, որ նաև ձեր բոլորի առաջ սա կարևոր արձանագրում է, որ, այո՛, ԱԺ-ի ոչ մի թև, ոչ մի կուսակցություն որևէ կերպ չպետք է ճնշի դատավորին, բայց, մյուս կողմից, դատավորը չպետք է մտածի, որ ցանկացած ապօրինություն պետք է լինի անպատժելի: Դրա համար կան հստակ ձևեր՝ դիմելու ԲԴԽ, իսկ ԲԴԽ-ն ամենաարդար ձևով կենթարկի պատասխանատվության այն դատավորին, որը խախտել է մարդու իրավունք»,- ասաց ԲԴԽ նախագահը: