Ադրբեջանում ավարտվել է նախագահի արտահերթ ընտրության քվեարկությունը: Սկսվել է քվեների հաշվարկը: Իլհամ Ալիևն իր ընտանիքի հետ քվեարկել է Ստեփանակերտում բացված ընտրատեղամասում: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր յոթ թեկնածու՝ ներառյալ երկրի ներկայիս ղեկավարը։ Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։
Մի շարք ընկերությունների անցկացրած Exit-poll-երի արդյունքների համաձայն՝ Իլհամ Ալիևը ստացել է ձայների 92-ից 93,9%-ը: Ադրբեջանական անկախ լրատվամիջոցներն ահազանգում են աղաղակող ընտրախախտումների մասին: Որոշ տեղամասերում ուսանողները ներգրավված են եղել «ընտրական կարուսելներում»:
Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները տարօրինակ են համարում, որ դիտորդների մոտ հարց չի առաջացել, թե ինչպես են տարբեր հասցեներում գրանցված տասնյակ երիտասարդներ քվեարկում նույն տեղամասում։ Որոշ շրջաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված դիտորդներին հեռացրել են ընտրատեղամասերից: Ոստիկանությունը կոշտ միջոցներ է ձեռնարկել նրանց նկատմամբ:
Շատ ընտրատեղամասերում խնդիրներ են եղել ինտերնետ կապի հետ, դիտորդները չեն կարողացել որևէ տեսանյութ կամ ձայնային հաղորդագրություն ուղարկել։ Լրագրողների փոխանցմամբ՝ անջատված են եղել նաև ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկները:
Բաքուն ամեն կերպ փորձում է ընտրությունը ներկայացնել որպես ժողովրդավարական, մրցակցային, ազատ և արդար: Իրականում, սակայն, ընդդիմությունը հայտարարել էր ընտրությունը բոյկոտելու մասին՝ նշելով, որ դրա արդյունքն ակնհայտ է: Բացի դրանից՝ նախագահի արտահերթ ընտրության համար միջազգային դիտորդներ ուղարկելու խնդրանքով Բաքուն չի դիմել ո՛չ Եվրախորհրդարանին, ոչ էլ ԵԽԽՎ-ին: Հավատարմագրված միջազգային դիտորդական կազմակերպություններից ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդներից մեկին էլ Բաքուն արգելել էր մուտք գործել Ադրբեջանի տարածք՝ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի համար քննադատելու պատճառով:
Միջազգային նորությունները` տեսաշարում: