Սահմանադրության փոփոխության մասին քննարկումները համարում եմ բացարձակապես Հայաստանի ներքին գործը: Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե Ադրբեջանի պահանջով է ՀՀ Սահմանադրությունը փոխվելու:
«Դա բացարձակապես ՀՀ-ի քաղաքացիների որոշելիքն է, ՀՀ սահմանադիրի որոշելիքն է: Եկեք մեր ներքին հարցերը չբերենք նրան, թե իրենք ինչ են [պահանջել]: Մենք հիմա դրանով հնարավորություն ենք տալիս, որ իրենք մեզ փորձեն կառավարել: Այդպես չի կարող լինել ու չպետք է լինի,- ասաց Պապոյանը, ապա հավելեց, որ գործընթացից պետք չէ վախենալ.- Կլինի վատ Սահմանադրություն՝ մեր սահմանադիրը չի ընտրի, կլինի լավը՝ կընտրի, մենք ենք որոշում»:
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության գործընթացի շրջանակում քվեների հավանական կեղծմանը՝ Գևորգ Պապոյանը դա բացառեց՝ հայտարարելով, որ չի կարող Հայաստանում 1 ձայն կեղծվել, և չի կեղծվելու՝ միաժամանակ «զարմանալի» որակելով նմանատիպ վախերը:
«Եթե վարչական լծակ կիրառող լինեինք, ինչո՞ւ Երևանում չկիրառեցինք, որպեսզի Երևանում ցանկալի ձայներ ապահովեինք: Մենք դրա ձևն էլ, ճիշտն ասած, չգիտենք»,- ասաց նա: