ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի համակարգման խորհրդի երկրորդ նիստին և հանդես եկել բացման խոսքով։
Միջոցառման նպատակն էր քննարկել Օվիեդոյի կոնվենցիայի հնարավոր վավերացմանն առնչվող հարցեր՝ համախմբելով ծրագրի գործընկերներին, դերակատարներին ու փորձագետներին, ներկայացնել համագործակցության ուղղություններն ու առաջնահերթությունները։
Իր ելույթում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին ծրագրի հաջող մեկնարկի համար և նշել, որ առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունն ունի բացառիկ դերակատարություն։
«Եվրոպայի խորհրդի գործընկերների և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև տարբեր ուղղություններով առկա է սերտ համագործակցություն։ Այս ծրագիրը դրա ևս մեկ ապացույցն է, քանի որ հենց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ և ներգրավվածությամբ է այն իրացվում»,- ասել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ մարդու իրավունքներին վերաբերելի տարբեր միջազգային իրավական փաստաթղթերի ադվոկացիան Պաշտպանը դիտարկում է որպես մարդու իրավունքների խթանման կարևոր գործիքակազմ։
«Օվիեդոյի կոնվենցիան այն փաստաթուղթն է, որը մարդու իրավունքներին վերաբերելի շատ կարևոր հարցեր է կարգավորում։ Միևնույն ժամանակ, այն վավերացնելուց առաջ անհրաժեշտ եմ համարում իրազեկման արշավների իրականացումը՝ հանրության շրջանում կոնվենցիայով երաշխավորված իրավունքների մասին իրական պատկերացում ձևավորելու համար։ Իրազեկման հարցում կարևորում եմ լրագրողների դերակատարությունը, նրանց համար այս թեմայով վերապատրաստման դասընթացների անցկացումը։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել «HELP-ը կենսաէթիկայում լրագրողների համար» վերապատրաստման դասընթացի շարունակականության անհրաժեշտությունը։ Առանցքային է նաև այլ թիրախային խմբերի համար համապատասխան վերապատրաստման դասընթացների իրականացումը»,- նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր հանձնառությունը նպաստել իրազեկման գործընթացի կազմակերպմանն ու իրացմանը։
Միևնույն ժամանակ Պաշտպանն ընդգծել է, որ այդ գործընթացում առանցքային է միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցային միջավայրի առկայությունն ու ամրապնդումը։