Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագիրը: Այդ մասին հայտմում են ԿԳՄՍ նախարարությունից:
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, պաշտոնատար այլ անձինք:
Ծրագիրն իրականացվելու է իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ առցանց միջավայրում երեխաների դիմակայունությունն ամրապնդելու և երեխաներին առցանց հանցագործություններից պաշտպանելու նպատակով:
Զարա Ասլանյանը ողջունել է ներկաներին և կարևորել ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում ամեն օր նոր հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտության տեսանկյունից. «Այս ծրագիրը հնարավորություն է տալու համայնքի երիտասարդներին ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ձևաչափերով իրազեկվել և զինվել գիտելիքով՝ ցուցաբերելու անվտանգ վարքագիծ և կանխարգելելու հնարավոր բացասական դեպքերը»: Զարա Ասլանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ևս հանձնառու է երիտասարդների կարողությունների, հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը. ամենամյա միջոցառումներից է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» ծրագիրը, որի միջոցով երիտասարդները հնարավորություն ունեն ձեռք բերելու առցանց հարթակներում անվտանգության պահպանման վերաբերյալ հիմնարար գիտելիք:
Ըստ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի՝ վերջին երկու տարվա հետազոտության տվյալներով ամբողջ աշխարհում 15-25 տարեկան երեխաների 70 տոկոսն ակտիվորեն օգտագործում է համացանցը. «Սա նշանակում է, որ մենք կարիք ունենք վերանայելու առցանց տիրույթում երեխաների անվտանգությունն ապահովող մեր մոտեցումները: Այսօր երեխաների 33 տոկոսը օրական 4 ժամից ավելի անցկացնում է համացանցում: Ծնողների 64 տոկոսը խնդրում է երեխաներին՝ օգնել կողմնորոշվելու թվային տիրույթում, և 2 տոկոսն է միայն, որ կարող է ուղղորդել երեխաներին և վստահ է զգում իրեն համացանցում: Հասկանում ենք, որ կարիք կա նպաստելու երեխաների, ծնողների, ուսուցիչների կարողությունների աճին, որպեսզի կարողանանք օգնել երեխաներին մի կողմից օգտվել համացանցի հնարավորություններից, մյուս կողմից՝ օգնել անել դա ապահով եղանակով»:
Քրիստինե Վայգանդի խոսքով՝ այս ծրագրի շրջանակում համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ օրենսդրության և քաղաքականության դաշտում կմշակվեն այն լուծումները, որոնք թույլ կտան իսկապես ավելի լավ պաշտպանություն ունենալ առցանց տիրույթում գտնվող երեխաների համար:
Ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Միջոցառմանը ներկայացվել են թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոտեցումները և «Թվային միջավայրի հետ կապված ռիսկերը և հնարավորությունները Հայաստանի երեխաների համար» հետազոտության արդյունքները: Ներկայացվել է նաև CoMedia նախագիծը, որը մեդիագրագիտության հավելված է (սեղանի խաղ դեռահասների համար): Այն հեղինակել են մի խումբ երիտասարդներ: