ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 6-ին 3-րդ հանդիպումն է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Նախարարը կարևորել է հանդիպումների նման ձևաչափը, ինտենսիվ շփումները ոլորտի ընկերությունների պատասխանատուների հետ, նշել է, որ յուրաքանչյուրի ղեկավարած կառույցի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը շատ կարևոր է՝ հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։
Նախարարը նաև ընդգծել է, որ կան հնարավորություններ, համապատասխան միջավայր, որոնք պետք է ճիշտ կիրառել՝ զարգացնելով ոլորտի ենթակառուցվածքները։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկմանը ներկայացվել են մի շարք խնդիրներ, դրանց լուծման հնարավորություններ, Հայաստանի ռազմարդյունաբերության բնագավառի զարգացմանն ուղղված առաջարկներ, որոնց հիման վրա կկազմվեն համապատասխան փաստաթղթեր, կառավարության որոշումների ձևաչափեր։