«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց. «Հայրենիքը պետությո՞ւն է, թե՞ մենք հայրենիքը առանձնացնում ենք պետությունից և հակադրում ենք պետությանը»։
«Բացարձակապես էդպես չէ, որովհետև Կառավարությունն ընդամենը արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունները հասկանալու, հետազոտելու, ըմբռնելու անհրաժեշտությունը, որովհետև դրանք ունեն իրար հետ հարաբերություններ, այդ հարաբերությունները պարզ չեն։ Ընդհանրապես, շատ ճիշտ չէ, երբ որ առաջարկ է արվում՝ «եկեք այս հարցը հասկանանք», պատասխանն է՝ «չէ, պետք չէ այդ հարցը հասկանանք, որովհետև ամեն ինչ էլ պարզ է», չէ՛, ոչ մի բան պարզ չի կամ առնվազն շատ բան պարզ չի։
Ինչ վերաբերում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» առարկան վերանվանելուն, հասկացությունները իրենց տակ ունեն իմաստներ, և այդ առաջարկի հեղինակը ես չեմ, բայց վատ չէի զգա, եթե ես լինեի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ «Հայոց պատմությունը» պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ «Հայաստանի պատմությունը» պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով։
«Մենք ուզում ենք մեր պատմության տրամաբանության մեջ պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: