Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանի հարցին այն մասին, թե ինչու են Կառավարությանն անցել ընկերությունների բաժնետոմսեր:
«Տրվում է ոչ թե համատարած և բոլոր դեպքերում, այլ միայն այն դեպքերում, երբ որ այդ պրոյեկտները իրենց հիմքում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն: Դուք մոռացե՞լ եք ԶՊՄԿ-ն ոնց է սեփականաշնորհվել և ում:
Երկրորդը՝ ասում եք՝ «փայ մտնել». ուղղակի խելագար տրամաբանություն է, բա օֆշորի, Կիպրոսի չգիտեմ որ փողոցի էսինչ տան, չգիտեմ ինչ անուն-ազգանվան ներքո, կասեին օտարերկրյա ներդրում է, «Գոլդեն փելեսը» հիշո՞ւմ եք, չէ՞, որ դահլիճից մեկի ընտանիքի անդամը գնացել էր բացումը անելու, ասում էր՝ սա մեր հերթական օտարերկրյա խոշոր ներդրումն է, հետո պարզվեց՝ ինքն է ներդրողը. ինչո՞վ է դա օտարերկրյա:
Հաջորդը՝ Ամուլսարի հետ կապված մենք հետևյալ դիլեմայի առաջ ենք կանգնած եղել. մի կողմից՝ հանրային ընկալման լեգիտիմության պրոբլեմ կա. մի կողմից՝ կան ներդրումներ: Ո՛նց դուրս գալ այս փակուղուց: Հանրությունն իրեն բավարարված չի զգում, այդ թվում՝ տեղական հանրությունը, բայց մյուս կողմից՝ միլիոնավոր դոլարներ են ներդրվել: Ազդակիր համայնքները Ամուլսարի համար տարին 7 միլիոն դրամ գումար են ստանալու, Կառավարությունը չէ այդ 20 տոկոսի տերը, ՀՀ ժողովուրդն է։
Որ ասում եք «փայ մտնել», ոչ մեկն իր ունեցած սեփականությունից չի զրկվել. սա շատ կարևոր առանձնահատկություն է: Բոլոր դեպքերում գործարք տեղի ունենալու պայմաններով երբ որ եկել է նոր սեփականատեր, նոր սեփականատերը, հասկանալով լեգիտիմության հետ կապված խոր պրոբլեմները, ասել է՝ ես չեմ ուզում ներքին բախում ունենալ: Գիտեմ՝ այս ընկերություններն իրենց թիկունքում պատմություններ ունեն, ես չեմ ուզում այդ պատմության բեռը կիսել իմ բիզնես ռեպուտացիայի հաշվին, ես չեմ ուզում լինել այդ վատ պատմության ժառանգորդը: Կառավարությո՛ւն, ես ուզում եմ, որ իմ կողքը կանգնես, որպեսզի բոլորը տեսնեն, որ ես երկրից տանող չեմ, ես երկրին բերող եմ, որովհետև դա պետք է իմ բիզնես ռեպուտացիայի համար: Ի՞նչն է այստեղ կասկածելի. գաղտնի ի՞նչ պարտավորություն. ՀՀ Կառավարությունը որևէ ոլորտում որևէ գաղտնի պայմանավորվածություն, պարտավորություն, որը ՀՀ ժողովրդին հայտնի չէ, չունի»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք այդպիսի դեպք չունենք, որ մարդու դուռը ծեծենք, ասենք՝ հարգելի՛ գործարար, ներդրող, հիմա քո ունեցածի 20 տոկոսը մերն է: Այդպիսի դեպք մենք չունենք: Մենք ունենք դեպք, երբ որ գալիս է նոր ներդրող, ասում է՝ ես 20 տոկոսը դնում եմ: Եթե ներդրումային միջավայրը վատն է այդ առումով, այդ ո՞վ է այդ ներդրողի ոտքերից ու ձեռքերից քաշել՝ արի այստեղ փող դիր, 20 տոկոսն էլ պիտի ինձ տաս: Ոչ թե ԶՊՄԿ-ի եղած իրավիճակում Կառավարությունը գնացել է ասել՝ 20 տոկոսն ինձ տվել է, այլ տեղի է ունեցել գործարք, և ներդրողը Կառավարությանն եկել է ասել` լսեք, ես 4 միլիարդի ներդրումային ծրագիր եմ ուզում անեմ: Ասել ենք՝ շատ լավ, ինքն ասել է՝ ինձ համար կարևոր է, որ Կառավարությունը իր ներկայությամբ նախ տեսնի՝ ինչ է կատարվում, և երկրորդն էլ՝ ուզում եմ, որ դուք այստեղ լինեք, որ ես Կառավարությունով ինչ-որ ձևով մեսիջ տամ, որ՝ ժողովո՛ւրդ, ես տալիս եմ դա, ի դեմս Կառավարության, ժողովրդին: Դա ինչո՞ւ է անհանգստացնում»: