Չինական Chouzhou Commercial Bank-ն անցյալ շաբաթ պաշտոնապես ծանուցել է հաճախորդներին, որ դադարեցնում է իր հարաբերությունները ռուսական կամ բելառուսական կազմակերպությունների հետ: Այդ մասին փետրվարի 7-ին հայտնել է «Վեդոմոստի» ռուսական պարբերականը՝ վկայակոչելով գործարար շրջանակներից երեք աղբյուրի տվյալները։ «Մեր մի քանի գործարք արդեն ձախողվել է դրա պատճառով»,- թերթին ասել է ընկերություններից մեկի սեփականատերը:
Chouzhou Commercial Bank-ը միակը չէ, որը սահմանափակ ֆինանսական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, պնդում է «Վեդոմոստին»։
Չինական բանկերը պահանջում են հաստատել, որ ապրանքի գնորդը կապ չի ունեցել պատժամիջոցների տակ գտնվող անձանց և ընկերությունների հետ, և որ արտադրանքը չի օգտագործվելու ռուսական պաշտպանական համալիրի կարիքների համար ու չի մատակարարվի Ղրիմ։ Շենչժենում գտնվող Bank of China-ն նույնիսկ հաշիվներ չի բացում չինական այն ընկերությունների համար, որոնց հիմնադիրը կամ տնօրենը Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Վճարումները դադարեցրել են նաև PingPong և Xtransfer վճարային համակարգերը։