Չորրորդ հանրապետություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեմ, ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության նոր փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, և մարդիկ՝ նույնիսկ նրանք, ովքեր դեմ են քվեարկել, ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի այն առաջարկին, որ վարչապետը չորրորդ հանրապետություն ստեղծելու մասով խոսակցությունները բերի նաև խորհրդարան:
Սահմանադրության փոփոխություն կատարելու նպատակով հնարավոր ընտրակեղծիքների մասին քննարկումներին անդրադառնալով՝ Փաշինյանը պատմեց, որ օրերս մի լսարանի հետ հանդիպում է ունեցել, և ասել է, որ այս իշխանության կառավարման օրոք ոչ մի ընտրակեղծիք տեղի չի ունեցել, և որ դա չի կարող տեղի ունենալ. «Բայց եթե նույնիսկ մեր կառավարման օրոք ինչ-որ մեկը խնդիր դնի՝ ընտրություն կեղծելու, ես գրեթե համոզված եմ, որ նույնիսկ մենք չենք կարողանա անել նման բան որոշելու դեպքում: Իսկապես եմ ասում, չգիտեմ՝ ինչքանով է ծիծաղելի: Եվ այս առումով են կարևոր ինստիտուցիոնալ այն հարաբերությունները, որոնք տեղի են ունենում: Եվ այս գիտակցության բերումով և համոզված եմ նաև, որ խորհրդարանական մեծամասնության գլխում նույնիսկ այդպիսի միտք չի ծագի»:
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության շրջանակում շրջանառվող «վերաբրենդավորում» եզրույթին, ինչպես նաև պետական խորհրդանիշների հնարավոր փոփոխությանը՝ Փաշինյանը նշեց, որ «վերաբրենդավորում» ասելով՝ նկատի ուներ չորորդ հանրապետությունը, քանի որ գործողը երրորդ հանրապետությունն է, Հայկական ԽՍՀ-ն՝ երկրորդ հանրապետությունը, առաջին հանրապետությունը՝ առաջին:
«Կառավարությունը և կառավարող քաղաքական ուժը չունեն փաթեթ սեղանին դնելու, ասի, որ մենք սա ենք առաջարկում, և դա վատ չէ, դա ընդհակառակը լավ է, որովհետև, կարծում եմ՝ նախ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում, թե սա ինչ է, ինչի համար է»,- ասաց վարչապետը՝ կարևորելով, որ նախ՝ խոսակցություն տեղի ունենա, և ըմբռնում ձևավորվի, որ դա կարևոր է, ապա նոր պետք է անցնել բովանդակությանը:
«Ավանդույթ կա, որ փորձ է արվում սահմանադրություններով հարմարեցնել կա՛մ գործող կառավարությանը, կա՛մ գործող կառավարության գործող ղեկավարին, կա՛մ գործող կառավարվող թիմին,: Մեր մտադրություններն այդպիսին չեն և չեն կարող լինել, որովհետև դրա անհրաժեշտությունն ուղղակի չկա»,- ասաց նա: