Ադրբեջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշանակած դիտորդներին հեռացրել են ընտրատեղամասերից:
Որոշ շրջաններում ոստիկանությունը կոշտ միջոցներ է ձեռնարկել դիտորդների նկատմամբ:
Անկախ աղբյուրները գրում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները ոստիկանություն են կանչել այն ամենից հետո, երբ տեսել են, որ դիտորդները նախապես կտրված անկյուններով քվեաթերթիկներ են տրամադրում ընտրողներին:
Ադրբեջանի անկախ լրագրողներն ահազանգել են, որ բոլոր ընտրատեղամասերում անջատված է ինտերնետ կապը, և նրանք չեն կարողանում որևէ տեսանյութ կամ ձայնային հաղորդագրություն ուղարկել խմբագրություններ:
Ինտերնետ կապը բացակայում է ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ հարակից թաղամասերում:
Լրագրողների տեղեկություններով՝ անջատված են նաև տեղադրված տեսախցիկները:
Ընդդիմադիր Meydan TV-ի աշխատակիցները, որոնք գտնվում են Բաքվի 310-րդ և 80-րդ դպրոցների ընտրատեղամասերում, հայտնել են, որ նրանք էլ են կանգնած նույն խնդրի առջև՝ չեն կարողանում WhatsApp-ով որևէ տեսագրություն կամ ձայնագրություն ուղարկել:
Հեղինակ՝ Գոհար Սահակյան