Երևանում 2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքում 3 լրացում կատարելու նախագիծը ավագանու՝ փետրվարի 7-ի նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:
Փոփոխություններից մեկի համաձայն՝ Երևանի վարչական տարածքում նոր շենք-շինությունների և ոչ հիմնական շինությունների շինթույլտվության համար 2024-ի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կկիրառվի արտոնություն զրոյական դրույքի չափով, եթե շինթույլտվություն սահմանելու համար դիմում ներկայացվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, և մինչև նշված օրը Երևանի քաղաքապետարան են ներկայացվել ՀՀ Կառավարության՝ մարտի 19-ի թիվ 596Ն որոշմամբ սահմանված բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ նշված օրվա դրությամբ գործող տեղական տուրքի վճարման անդորրագիրը: Կա ևս մեկ պահանջ. Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ դիմումատուն չպետք է ունենա ժամկետանց դրամական պարտավորություն:
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ Երևան վարչական տարածքում նոր շենք-շինությունների շինթույլտվության ժամկետների մեկ անգամ և մինչև 3 ամիս ժամկետով երկարաձգման համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կկիրառվի արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություն:
Երրորդ կետը՝ Երևանի վարչական տարածքում նոր շենք-շինությունների շինթույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա, այդ թվում՝ ոչ ամբողջական տարվա համար 2024-ի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կկիրառվի նվազեցման արտոնություն տեղական տուրքի 90 տոկոսի չափով, եթե դիմումատուն չի օգտվել նախորդ կետով նախատեսված արտոնություններից, այսինքն՝ արդեն իսկ չի երկարաձգել 1 անգամ և մինչև 3 ամիս ժամկետով, և թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ ունի ժամկետանց դրամական պարտավորություն:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց՝ խոսքը բոլոր այն դիմումների մասին է, այսինքն՝ 2023 թվականի դրությամբ բոլոր պայմանները բավարարող դիմումների նկատմամբ չեն կիրառվի 2024 թվականի համար սահմանված տուրքերն ու վճարները, այլ կպահպանվեն նախորդ տարվանը:
«Մենք երեք ամսով տալիս ենք հնարավորություն շինթույլտվությունների երկարաձգման. դա տալիս ենք անվճար»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով պայմանների բավարարման մասին:
«Քանի որ մեր որոշումը նոր շինթույլտվությունների գումարների վճարների չափի վերաբերյալ ուղղակիորեն նաև կապված է գործող շինթույլտվությունների երկարաձգման վճարի հետ, այստեղ բավականին անտրամաբանական մեծ էին ստացվում տուրքերը երկարաձգումների համար, դրա համար ավագանուն առաջարկվում է այս տարի 90 տոկոս արտոնություն կիրառել, որը կրկին էական գումարներ է ենթադրում շինարարների, կառուցապատողների համար շինթույլտվությունները երկարաձգելու դիմումները ներկայացնելու ժամանակ, բայց ոչ այնպիսի տուրքեր և վճարներ, որոնք պոտենցիալ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնեն շինարարներին:
«Այսինքն՝ դա որոշակի զսպող գործիք է, շինարարներն ու կառուցապատողները պետք է ձգտեն շուտ ավարտել շինարարությունը, որովհետև առաջին հերթին իրենց պարտավորությունն այն քաղաքացիների նկատմամբ է, որոնք գնել են բնակարաններ իրենց շենքերում, բայց մյուս կողմից՝ մենք չենք ուզում այնպիսի խնդիրներ ստեղծել, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ կառուցապատման ծրագրերի համար, և կառուցապատողների հետ հանդիպումները, քննարկումները մեզ բերել են այս լուծումներին»,- ասաց Ավինյանը: