Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի Կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածությունը շատ ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, առաջարկվում է Երևանում քաղաքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանել կարմիր գծերի թանկացման մասին որոշման մեջ: Այդ մասին նախագիծը Երևանի ավագանու՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստին ներկայացրեց առաջարկի հեղինակ, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:
Ըստ այդմ՝ Երևանի Ա և Բ գոտիների վճարովի ավտոկայանատեղիներում կիրակի օրերին կսահմանվի արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ՝ ազատելով վարորդներին ավտոկայանատեղիներում տեղական վճարի վճարումից:
«Այսպիսի լավ առաջարկներով ենք հանդես գալիս, ոչ թե բոյկոտ ենք անում»,- հայտարարեց Վահան Ավագյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ «Հանրային ձայնի» առաջարկը տրամաբանական է և համահունչ այն նպատակներին, որոնք իշխող ուժն իր առջև դրել էր:
«Հիշեցնենք, որ կարմիր գծերի հետ կապված կարգավորումները հիմնականում ուղղված են կարմիր գծերում կայանման հնարավորություն ստեղծելուն, այսինքն՝ ազատ տեղեր ունենալուն, և, իհարկե, որոշ չափով քաղաքի Կենտրոնը որոշակի բեռնաթափելու նպատակներ: Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր սպասվածից մի փոքր ավելի է բեռնաթափումը տեղի ունեցել:
Իհարկե, մենք կունենանք դեռևս ապագայում ավելի տեսանելի արդյունքներ: Գարնանը մի փոքր ավելի բացահայտ կլինի, թե ինչ արդյունք է ունեցել հենց կոնկրետ միայն այս նախագիծը, իսկ ընդհանուր առմամբ կիրակի օրերին կարմիր գծերն անվճար դարձնելու նախագիծն իրապես ընդունելի է, որովհետև մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ այս որոշումները հավելյալ գումարների հավաքագրման համար չեն արվում, այլ իրականում այլ նպատակներ են հետապնդում. հետապնդում են քաղաքը բեռնաթափելու նպատակը»,- ասաց Ավինյանը: