Որևէ մեկը չի ասում, թե Ադրբեջանը և Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ, դա փաստ է, նաև պետք է արձանագրենք՝ մենք ինչպե՞ս ենք տրամադրված եղել մեր հարևան երկրների նկատմամբ, նույն կերպ՝ թշնամաբար: Լավ, բա հարցը ո՞նց ենք լուծելու: Մենք ուզում ենք մեր երկիրը ապահովագրել հետագա այն զարգացումներից, որոնց մեր երկիրը պատրաստ չէ ու չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին:
Նրա խոսքով՝ կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո:
«Ես հաճախ եմ ասել, որ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում է, և կապ եմ տեսել դրանում, բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք այնպիսի մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ մեր հակառակորդ երկրներն օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում: Ես խոսում եմ ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի մասին: Եվ երբ դուք ասում եք՝ մենք մեր սխալները ունենք, այո՛, մենք էլ մեր սխալները ունենք: Կարող է այդ սխալների մեջ է մտնում նաև այն, որ օգտվում են, ու մենք դա չենք նկատում, և ջուր ենք լցնում իրենց ջրաղացին»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ բավական է՝ մի ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, վերցնում ենք այդ նարատիվը և դնում շրջանառության մեջ: «Դա պետք է դադարեցնել, որ ջուր չցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին: Ի՞նչ ենք շահելու»,- նկատեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, դիմելով դահլիճում նստած ընդդիմադիր գործիչներին՝ նշեց, թեև հարգանքով է վերաբերվում ՀՅԴ-ին, սակայն հենց նրանք են մսխել Դաշնակցության վարկանիշը, ոչ թե իրենք:
«Ի՞նչ եք արել վերջին 30 տարում Դաշնակցության վարկանիշի հետ, ո՞նց էր ստացվում, որ Դաշնակցությունը 90-ականներից գնալով մսխեց իր ունեցածը: Վերաիմաստավորեք, քննարկեք մարտի 1-ից հետո Դաշնակցության պահվածքը, բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը»,- հորդորեց Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Դանիելյանը իշխող խմբակցությանը մեղադրում էր ԱԺ ամբիոնից ադրբեջանա-թուրքական թեզերը հնչեցնելու համար: