Ազգային ժողովը փետրվարի 7-ին շարունակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ կից օրենսդրական փաթեթով, որով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների նվազեցմանը, վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել փաթեթին:
Ելույթ ունեցող պատգամավորները տարբեր տեսանկյուններից կարևորել են առաջարկվող փոփոխությունները, նաև ներկայացրել առաջարկներ և դիտողություններ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորն անդրադարձել է գործընկերների դիտողություններին, տվել պարզաբանումներ: «Նախագծի կարևորությունը նրանում չէ միայն, որ քաղաքացին ավելի քիչ է վճարելու: Այս նախագծի կարևորությունը նրանում է, որ պետական համապատասխան ռեսուրսները շատ ավելի արդյունավետ կարող ենք օգտագործել: Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրին»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը: