Անդրադառնում ենք չափազանց կարևոր հարաբերությունների: Պետք է հստակություն մտցնենք առաջինից երկրորդ ընթերցում մեզ տված ժամանակահատվածում: Մենք սահմանել ենք «ընտանիքում» և «կենցաղային բռնություն» տերմինը, ես էլ եմ կարծում՝ որոշակիորեն անհասկանալի է, և կառաջարկեմ ֆիքսել «ընտանեկան բռնություն» հասկացությունը՝ դրա տակ նկատի ունենալով և՛ ընտանիքում բռնությունը, և՛ բոլոր այն բռնության տեսակները, որ թվարկվել են այս օրենսդրական փոփոխությամբ: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:
«Կարծում եմ, որ domestic violence-ի թարգմանությունը այս տրամաբանությունն ավելի շատ է արտահայտում հայերենով, քան «կենցաղային բռնություն» հասկացությունը: Քանի որ խոսք գնաց վարչական և քրեական պատասխանատվության մասին, կիսում եմ Կառավարության մեր գործընկերների մոտեցումն այս իմաստով: Քանի որ նոր բռնության ձևի հետ գործ ունենք, կարծում եմ, որ սկզբի համար պետք է սահմանենք աստիճանական մոտեցում այս հանցակազմին՝ առաջին դեպքի համար՝ վարչական և երկրորդ դեպքի համար՝ քրեական»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը երկու տարի քննարկման փուլում է և անցել է բոլոր հնարավոր փորձագիտական, իրավաբանական փուլերը:
«Եվս մեկ անգամ արձանագրում ենք՝ օրենքը ընտանեկան բռնության կանխարգելման մասին է, օրենքում արծարծվում են թեմաներ, սահմանվում են նոր հասկացություններ, որոնք նպատակ ունեն կանխարգելելու բռնության այն տեսակները, որոնք մինչև այժմ օրենսդրությամբ որևէ կերպ չէին կանխարգելվում և քաղաքացիներն օրենսդրությամբ պաշտպանվելու հնարավորություն չունեին: Այս իմաստով նորամուծություն է հասկացություններից «հետամտման» երևույթը: Սա հնարավորություն է քաղաքացիներին, նոր պաշտպանության միջոց է՝ պաշտպանելու իրենց իրավունքները ՀՀ բոլոր քաղաքացիների համար»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:
Հեղինակներն առաջարկում են վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող քննության և ծանուցման ժամկետները և պայմանները, սահմանել ավելի բարձր տուգանք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում:
Առաջարկվում է նոր կարգավորում նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքում` «Հետամտում» վերնագրով: