Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը:
«Ոլորտը կարգավորող այս կարևոր օրենքն ընդունվել է 2017 թվականին, ուժի մեջ մտել` 2018-ին, և սա առաջին մեծ նախագիծն է օրենքի կիրառումից հետո, որն անդրադառնում է արդեն առաջ եկած բացերին և խնդիրներին»,- ասաց հիմնական զեկուցող, պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Առաջարկվող նախագծով մասնավորապես նախատեսվում է վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով, օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաև երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետները, ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի սահմանումը, առաջնային բուժօգության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում բոլոր այն դեպքերում, երբ այդ առողջական խնդիրն ի հայտ է եկել բռնության հետևանքով, սահմանել ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար, վերանայել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը:
Բաթոյանը տեղեկացրեց՝ փաթեթը քննարկվել է պատասխանատու բոլոր գերատեսչությունների, իրավապաշտպան կազմակերպությունների, ՄԻՊ գրասենյակի հետ:
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ «զուգընկերոջ» սահմանմանը վերաբերող հարցին՝ Բաթոյանը մանրամասնեց, որ օրենքով պետք է սահմանվեին բռնություն կիրառողների ենթադրյալ շրջանակը, և այդ շրջանակից դուրս էին մնում այն անձինք, որոնք, օրինակ, նշանված են կամ ընկերներ են, զուգընկերային հարաբերություններ ունեն, բայց որոնց միությունը, օրինակ՝ զագսով, ամրագրված չէ, որպեսզի օրենքը կարողանա տարածվել այս անձանց վրա:
Բաթոյանն ընդունեց, որ որոշ դեպքերում կա որոշակիության խնդիր, ավելի շատ կփորձեն կիրառման ընթացքում հասկանալ՝ որտեղ են խնդիրները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ առաջարկեց հստակ սահմանել՝ ով է «զուգընկերը», սահմանել, որ խոսքը տղամարդու և կնոջ մասին է, ինչին ի պատասխան պատգամավորը պարզաբանեց՝ իրենք իրավասու չեն սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր:
«Ով էլ լինի այդ զուգընկերը, արգելվում է բռնությունը, և մենք չենք սահմանելու խտրականություն»,- նշեց Բաթոյանը:
Հարակից զեկուցող, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը պարզաբանեց՝ օրենքը չի վերաբերում ընտանիքի սահմանմանը, այլ բռնության դեպքերին: Նրա խոսքով՝ պատգամավորների անհանգստությունը հարուցած՝ «կենցաղային բռնություն» տերմինն այդքան էլ հասկանալի չէ, և առաջինից երկրորդ ընթերցում դա կարող է քննարկվել:
«Մենք ընտանիքը չենք ձևակերպում, մենք ձևակերպում ենք, թե բռնությունը ո՛ր խմբերում կարող է լինել, խոսքը սրա մասին է: Հասկանում եմ, որ բացեր կան, սակայն խոցելի խմբերի անվտանգությունը շատ կարևոր է»,- ասաց Պարսիլյանը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում բաց են քննարկումների և առաջարկությունների համար: