Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Զեկուցվեց, որ Մարությանի դեպքում բոլոր հիմքերն առկա են լիազորությունները դադարեցնելու համար. նա որևէ նիստի ու քվեարկության չի մասնակցել:
Նախքան քվեարկությունը ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց. «Նրանք, ովքեր արհամարհանք ունեն այս ինստիտուտի նկատմամբ, պետք է հեռանան, նրանց փոխարեն գան նոր մարդիկ նույն ուժից: Էնպես չի, որ այդ մանդատը մեզ է մնալու»:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ ավագանու նիստերին չներկայանալը քաղաքական բոյկոտի ձև է ու քաղաքական պայքարի ձև է:
«Մենք՝ որպես պատասխանատու այս քաղաքի համար, որպես իշխանություն, անգամ ոչ պոպուլյար որոշումներով, որովհետև այս որոշումները, ես գիտեմ, որ որոշ մարդկանց հավանությանը գուցե չեն արժանանում, բայց մենք պարտավոր ենք ոչ թե հետևել նրան, որ մեզ ավելի շատ սիրեն կամ չսիրեն, մենք պարտավոր ենք, որ այսօր այս մարմինը աշխատի, և օրենքով նախատեսված բոլոր գործողությունները անում ենք ու անելու ենք»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:
Հայկ Մարությանն իր ելույթի ժամանակ հայտարարեց. «Նիստին գալը ավագանու անդամի աշխատանքի հազիվ 10 տոկոսն է: Աշխատանքի առյուծի բաժինը արվում է այս դահլիճից դուրս: Ես մասնակցում եմ մեր ֆրակցիայի բոլոր նիստերին, գործընկերներիս հետ նախագծեր եմ մշակում, հանրային քննարկումներ ենք կազմակերպում, հետաքննություններ ենք անում և անում ենք այն, ինչ պետք է անի նորմալ ավագանին»:
Նշենք, որ Հայկ Մարությանն ավագանու մանդատից զրկվեց 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։