Եվրոպայում շարունակվում են ֆերմերների զանգվածային ակցիաները: Հոլանդացի ֆերմերներն այս գիշեր բելգիացի և ֆրանսիացի ֆերմերների հետ մեկտեղ արգելափակել են սահմանային անցակետերը, որոշ մայրուղիներում նրանք խարույկ են վառել:
Ավելի վաղ Ուտրեխտ նահանգում ֆերմերները շուրջ 40 տրակտորով հավաքվել էին շրջանային իշխանությունների շենքի մոտ: Լրատվամիջոցների տվյալով՝ մոտ մեկ ժամ բանակցություններից հետո նրանք դուրս են եկել, շենքի մուտքի դիմաց գոմաղբի թափել ու հեռացել։ Նմանատիպ բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև այլ շրջաններում: Տեղական իշխանությունները գյուղացիներին բացատրում են, որ իրենք չեն կարող ազդել իրավիճակի վրա, քանի որ նրանց հուզող հարցերը գտնվում են կենտրոնական կառավարության և Բրյուսելի իրավասության ներքո:
Եվրամիության մի շարք երկրներում ֆերմերները պահանջում են փոխել համաեվրոպական ագրարային քաղաքականությունը, հանել դրանցից բազմաթիվ սահմանափակումները, այդ թվում՝ բնապահպանական, և դադարեցնել դրսից էժան արտադրանքի անվերահսկելի ներմուծումը: Արհմիություններում նշում են, որ ԵՄ-ում ֆերմերների աշխատանքը գործնականում դադարել է շահույթ բերել: