Լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին՝ ցանկանալով պարզել՝ արդյոք բանակցություններում առաջարկվե՞լ է Ադրբեջանի Սահմանադրության այս կամ այն դրույթը փոխել, ինչին ի պատասխան՝ Կոնջորյանը հիշեցրեց՝ այդ մասին արդեն իսկ խոսել են ՀՀ ԱԳՆ ղեկավարը, ԱԺ նախագահը:
«Այս հարցի մասին խոսելիս ես չէի ցանկանա քննարկման, դիսկուրսի տրամաբանությունը տանել այն ուղղությամբ, որով վերջին օրերին փորձ է արվում այս հարցը (Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին հարց-խմբ.) շեղել այն տրամաբանությամբ, որ սա Ադրբեջանի պահանջն է:
Սա բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ, սա ՀՀ ներքին օրակարգն է: Սա Հայաստանի պետության մասին է, ՀՀ քաղաքացիների մասին է, ժողովրդի մասին է, և այս քննարկումն ինքնին շատ արժեքավոր է: Մենք բոլորս էապես կշահենք, եթե կարողանանք այս քննարկման ընթացքում աղմուկը, այդ թվում՝ քարոզչական, մի կողմ տանել և բովանդակային քննարկել, որովհետև սա մեր մասին է՝ Սահմանադրության հարց է, անկախության մասին է, այն մասին է, թե ժամանակակից աշխարհում մեր առջև եղած մարտահրավերներին ոնց ենք նայում, ինչպես ենք պատրաստվում դրանց պատասխանել, ինչպես ենք այսօրվա փլուզվող աշխարհակարգի պայմաններում պատրաստվում պատասխանել մարտահրավերներին, որ մեր առջև կան»,- նշեց ՔՊ խմբակցության ղեկավարը:
Նրա խոսքով՝ այս հարցի ելակետային հիմքը կապ չունի որևէ այլ պետության հետ:
«Ես չեմ ուզում մտնել քննարկման այդ համատեքստ»,- նշեց Կոնջորյանը՝ ընդգծելով՝ այդ դիրքորոշումը ՀՀ-ի մասին է:
Հարցին՝ Սահմանադրության մեջ փոխվելո՞ւ են Անկախության հռչակագրին, ԼՂ-ին վերաբերող դրույթները, պատասխանեց՝ որևէ բան փոխվելու վերաբերյալ որոշումը կայացնողը լինելու է ՀՀ ժողովուրդը:
«Նախ՝ ֆիքսեմ՝ մենք չունենք որևէ վերջնական եզրահանգում: Վարչապետի՝ Արդարադատության նախարարությունում հայտնի ելույթից հետո բացվել է քննարկում, կա դիսկուրս, որը մենք շատ կարևորում ենք, հետո, երբ կլինի նախագիծ, տեքստ, բոլորս այս մասին կիմանանք: Հիմա դեռ վաղաժամ է եզրահանգումներ անելը և այդ եզրահանգումների տեսանկյունից հարցադրումներ անելը»,- հավելեց Հայկ Կոնջորյանը: