Խորհրդարանը փետրվարի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Օրենսդրական փաթեթով առաջարկվող լրացումների ու փոփոխությունների նպատակն է թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը` լուծելով իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները: Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց մի մասը բխում է ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից ներկայացված դիտարկումներից, հանձնաժողովի հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկումներից: Առկա են տեխնիկական, լեզվաբանական, կառուցվածքային խմբագրումներ:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է հինգ տարի առաջ ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պրակտիկ կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը: Լրամշակված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կստեղծվեն լրացուցիչ նախադրյալներ քաղաքացիական դատավարությունում մրցակցության, ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաև գործերի քննության արդյունավետությունը և քաղաքացիական դատավարության կանխատեսելիությունը երաշխավորելու համար: Ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ` Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է կողմ քվեարկել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, ձևակերպումները կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը: Միաժամանակ, զուգահեռներ են տարվել հաշմանդամության խմբերի և ֆունկցիոնալության սահմանափակումների միջև` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ապահովելու նպատակով: Ըստ հիմնական զեկուցողի` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրականացվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների առևտուրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով նպատակն է երկարացնել արժեշղթան և խթանել Հայաստանում արտադրվող մետաղական կիսապատրաստվածքների վերջնական մշակումը: Նախարարը նշել է, որ առաջարկվում է պետական տուրք սահմանել մետաղի կիսապատրաստվածքների արտահանման վրա, ինչի արդյունքում կխրախուսվեն կիսապատրաստվածքների վերջնական մշակումը, Հայաստանում վերջնական սպառման ապրանքների արտադրությունը: Առաջարկվում է օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2025 թվականի հունվարի 1-ը:
Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը տեղեկացրել է, որ գլխադասային հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը: Զեկուցողը նշել է, որ որոշակի աշխատանքային փորձառություն և մասնագիտական համապատասխան ճանապարհ անցած անձանց հնարավորություն է տրվում առանց Արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսումնառություն անցնելու Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովում քննություն հանձնելուց, Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուց հետո Գլխավոր դատախազի կողմից նշանակվել դատախազի պաշտոնում:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը: