Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրությունը: Այսօր լռության օր է։ Ընտրությանը մասնակցում է յոթ թեկնածու, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը: «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը» Ադրբեջանի նախագահի ընտրությանն ընդառաջ հրապարակել է հոդված՝ «Իլհամ Ալիևը բանտում է պահում անկախ լրագրողների՝ իր դինաստիայի անվտանգության համար» վերնագրով: Կազմակերպությունը դատապարտել է լրագրողների ձերբակալությունների ալիքը, որն սկսվել է նոյեմբերի 20-ին:
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավարը նկատում է. «Նախագահի արտահերթ այս ընտրությունը պետք է նշանավորվի որպես նոր դարաշրջանի սկիզբ Լեռնային Ղարաբաղում ռազմական հաղթանակից հետո, սակայն այն բացահայտեց Ալիևների դինաստիայի ներսում առկա լարվածությունը։ Նրա համոզմամբ՝ Ալիևը փորձում է խլացնել Ադրբեջանում դեռևս գործող մի քանի անկախ լրատվամիջոցներին, որոնց հրապարակումները կարող են կասկածի տակ դնել նրա իշխանության լեգիտիմությունը: «Կոչ ենք անում ԵԱՀԿ անդամ երկրներին՝ դիմակայել Ադրբեջանի կառավարության տնտեսական ճնշմանն ու մանիպուլյացիաներին և խստորեն դատապարտել վստահելի լրագրության հասանելիությունը վերացնելու Բաքվի փորձերը»,- ասվում է հրապարակման մեջ:
Ժաննա Կավելիերը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման որոշմանը, նկատել է, որ Բաքուն, ի պատասխան, Վեհաժողովին մեղադրել է ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի համար։
Կառույցը հիշեցնում է, որ անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչները ձերբակալությունների են ենթարկվել նաև 2018 թվականի նախագահական ընտրությունից առաջ: Իսկ 2022 թվականի փետրվարին ուժի մեջ մտած ԶԼՄ-ների մասին նոր օրենքը էլ ավելի է սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: