Չվացուցակի մասով արդեն անցած տարվանից էական քայլեր կատարվում են: Այսօր արդեն օնլայն քարտեզներում մենք հնարավորություն ունենք տրանսպորտի շարժը տեսնելու: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Ես խնդրում եմ՝ չվացուցակը չխառնենք տրանսպորտի ճշգրիտ աշխատանքի հետ: Երբ որ մենք ասում ենք, որ կարող եք քարտեզով տեսնել, որ տրանսպորտը որտեղ է հասել և երբ է հասնելու, դա դեռևս չի նշանակում, որ մենք պնդում ենք, որ ինքն այսօր ճիշտ գրաֆիկով է աշխատում: Ճիշտ գրաֆիկով աշխատելու համար պետք է շարժակազմի համալրում, որը մենք անում ենք, որ արդեն 30 ավտոբուս այս տարի է ժամանել ժամանակից շուտ և շուտով կլինեն գծերում, և 171 ավտոբուս նախատեսում ենք, որ գարնանն է ժամանելու: Բացի դրանից՝ ինչպես նախագծված է համապատասխան ընկերության տրանսպորտային ցանցով՝ 18-մետրանոց ավտոբուսներ մենք պետք է նույնպես ունենանք: Ամենայն հավանականությամբ, գրեթե հաստատ կարող եմ ասել՝ էլեկտրական ավտոբուսների մասին է խոսքը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ կլուծվի տրանսպորտի խնդիրը, Սուրեն Գրիգորյանը ասաց. «Եթե էականորեն իրավիճակը բարելավվելու է 171 ավտոբուսների գալու դեպքում՝ այո, խոստանում եմ, որ էականորեն բարելավվելու է: Կարող է սեպտեմբերի 1-ով չլինի ժամկետը. մի քիչ, թեկուզ օբյեկտիվ պայմաններով, ավտոբուսները ուշ հասնեն, այդ ժամանակ ես վստահ եմ՝ որոշման ուժի մեջ մտնելն էլ կերկարաձգվի: Այսինքն՝ էական բարելավում կլինի՞ այո, կլինի՞ իդեալական վիճակ, ոչ. չի լինի երբեք, որովհետև իդեալական վիճակ երբեք չի լինում. միշտ կա նոր՝ ավելի լավ բանի պահանջ, ինչը նորմալ է»: