Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում ԱՆ-ի կողմից տրված եզրակացության հիման վրա քաղաքացին իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ՝ նախքան կենսաթոշակային տարիքի լրանալը, ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ:
«Գործող օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր դեպքի համար ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ցանկով ներառված հիվանդությունների և քաղաքացու ախտորոշման համապատասխանության կամ անհամապատասխանության որոշման գործառույթ, և սահմանված կարգով տրամադրվում է եզրակացություն, ինչն իր հերթին առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառություն, ինչպես նաև ԱՆ-ի՝ որպես քաղաքականություն մշակող մարմնի համար ոչ բնորոշ գործառույթի իրականացում»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխության համաձայն` գործառույթը կվերապահվի ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությանը, քանի որ այս մարմինն է կենսաթոշակների, նպաստների հարցերով զբաղվում:
Հարակից զեկուցող Մարիամ Պողոսյանը տեղեկացրեց, որ օրենքն ընդունվել է 2015 թվականին, սակայն 2015-2016 թվականներին այս մասով դիմումներ չեն եղել, 2017 թվականին եղել է 2 դիմում, իսկ 2022-ին, երբ հիվանդությունների ցանկն ընդլայնվել է, և դիմումների թիվն աճել է, և ամեն դիմումի համար երկար ժամանակ է անհրաժեշտ:
«Երբ տրվի այս գործառույթը միասնական սոցիալական ծառայությանը, անձն իր էպիկրիզով կարող է մոտենալ ՄՍԾ-ին և 10 օրվա ընթացքում պատասխանը կստանա: Այս օրենքի ընդունումից հետո՝ 2 ամսվա ընթացքում, ԱՍՀՆ-ն ամբողջ կարգը կսահմանի և կընդունի»,- ասաց նա:
Մարիամ Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ շատ հաճախ քաղաքացիներից դիմումներ են ստացվում, թե ցանկանում են իրենց կուտակած կենսաթոշակային ֆոնդի գումարը հատկացնել ընտանիքի անդամների հիվանդությունների բուժման համար, սակայն օրենքը գործում է միայն տվյալ մասնակցի համար, այսինքն՝ անձը կարող է ֆոնդի գումարն օգտագործել միայն հիվանդության բուժման նպատակով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը թվարկեց այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացին վաղաժամ կարող է օգտվել կուտակային կենսաթոշակային ֆոնդում առկա գումարից: Դրանք են արյան շրջանառության, նյարդային, մարսողական համակարգերի, շնչառական օրգանների, արյան և արյունաստեղծ օրգանների, վարակիչ ու ակնաբուժական հիվանդությունները, ինչպես նաև նորագոյացությունները: