Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ հատկապես կանանց պարագայում մանկահասակ երեխաների առումով, և ըստ էության երեկ խմբակցության նիստում քննարկել ենք ու դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելուն, որպեսզի խափանման միջոցը փոխվի: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման դեպքին:
«Խոսքը երկու կանանց և պարոն Հովհաննիսյանի («Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյան-խմբ.) մասին է»,- մանրամասնեց Կոնջորյանը:
Հարցին ի պատասխան՝ ե՞րբ կներկայացվի միջորդությունը, նշեց՝ կարծում եմ՝ այսօր:
«Դա, ըստ էության, զուտ կազմակերպչական, տեխնիկական հարց է»,- նշեց խմբակցության ղեկավարը:
Լրագրողների ճշտող հարցին՝ արդյոք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանգամա՞նքն է միջնորդություն ներկայացնելու պատճառը, Կոնջորյանը տվեց բացասական պատասխան:
«Կանանց մասով կա մեղմացուցիչ հանգամանք, ինչ վերաբերում է Աշոտ Հովհաննիսյանին, քննարկման ժամանակ մտքեր են հնչել, որ նա ոլորտում վաստակաշատ անձնավորություն է, և խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա: Օրենսդրության սահմանած հնարավորություններից որոշել ենք՝ այս անգամ կարելի է օգտվել»,- հավելեց պատգամավորը:
Հարցին՝ Ալեն Սիմոնյանն է՞լ է միացել ստորագրահավաքին, հայտնեց՝ թղթի վրա ստորագրությունները դեռևս չկան, բայց առաջիկայում կլինեն:
«Ես չեմ կարող ասել»,- պատասխանեց Կոնջորյանը:
Հիշեցնենք՝ Կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է, 1 ամսով էլ կալանավորվել է ընկերության մեկ այլ աշխատակից:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ըստ փաստական տվյալների՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներ, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Մյուս քրեական վարույթով պարզվել է, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուի հետ մտերիմ հարաբերություններ ունենալով և իմանալով նրա ծանոթներին, 2022-23 թվականներին ծրագրի պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, զեկուցագրեր է ներկայացրել, որ նրանց կատարած աշխատանքը համապատասխանում է չափորորշիչներին։
Ըստ գործի նյութերի՝ այդ քաղաքացիներին անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ: