Հարգելի՛ գործընկերներ, զարմանում եմ. եթե փաստարկներ ունեք, հնարավոր չէ՞ այդ փաստարկներն առանց գեղջկական սենտիմենտալիզմի նոպաների անել: Ցանկացած հարց գալիս է հրապարակ, միանգամից սկսում եք՝ Թուրքիան, Ադրբեջանը, գործակալները... Եթե ունեք փաստարկ, ամենալավ տարբերակը փաստարկների լեզվով խոսելն է: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, որոնք մասնավորապես վերաբերում էին «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու թեմային:
«Ասում եք՝ մենք գողանում ենք պատմությունը և այլն: Այդ օրակարգը բերելով և ակտիվացնելով՝ դուք եք այդ հակադրությունը ստեղծում: Ընդհանրապես, ո՞նց կարելի է այդ տիպի թեմա քննարկել, Հայաստանի և Հայոց պատմության համատեքստում ասել, որ դուք ժողովրդին հակադրում եք պետությանը: Մեր ժողովրդի պատմության մի զգալի մասը պետականություն ունենալու համար մղված պատմություն է, այսինքն՝ եթե նայում ենք մեր ժողովրդի պատմության համատեքստից, առաջնահերթությունը մշտապես եղել է դա՝ ժողովուրդ, որը անընդհատ ձգտում է ունենալ պետություն:
Հիմա ունենք պետություն, ասում ենք, որ մեր պատմության վերաբերյալ մեր դիտանկյունը պետք է լինի պետականակենտրոն, որպեսզի մենք չունենանք հետագայում առիթներ՝ նորից պայքարելու պետություն ունենալու համար: Դուք հիմա եկել եք այստեղ, անհասկանալի, անհոդաբաշխ մեղադրանքներ եք հնչեցնում, թե մենք ժողովրդին հակադրում ենք պետությանը կամ պատմությունը հակադրում ենք ներկային, գողանում ենք պատմությունը: Քավ լիցի: Ի՞նչ է նշանակում՝ գողանում եք պատմությունը: Այսինքն՝ ձեր համար պատմությունը հանգուցյա՞լ է, որի մասին պետք է խոսել կա՛մ լավը, կա՛մ ոչի՞նչ:
Գուցե դուք չեք ուզում, որ Դաշնակցության պատմության մասին խոսվի, այնտեղ կան բաներ, որի մասին դուք անհանգստացած եք: Ձեր մեջի գրաքննադատն անընդհատ գլուխ է բարձրացնում, հարգելի՛ գործընկերներ:
Խնդրո՛ւմ եմ, լռեցրեք ձեր ներսի գրաքննադատին, թողեք, որպեսզի նորմալ քննարկում լինի»,- հորդորեց Հայկ Կոնջորյանը ընդդիմադիրներին: