2024 թվականի փետրվարի 5-ին անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27-րդ և 34-րդ փողոցում պայթյունի ձայն է լսվել, մի քանի տուն է փլուզվել, կան տուժածներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«Ահազանգի կապակցությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 փողոցի 23 տունը պայթել է, իսկ փլատակների տակ հնարավոր է՝ լինեն քաղաքացիներ:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն համապատասխան փորձագետների մասնակցությամբ։ Պարզվել է, որ պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել է Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տուն, ևս մի քանի տուն վնասվել է։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որի ընթացքում փլատակների տակից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 1938 թ․ ծնված Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 1994 թ․ ծնված Հրանտ Սարգսյանը։ Փլատակների տակից դուրս են բերվել նաև Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ, 1987 թ․ ծնված Հայկ Սողոմոնյանի և 1970 թ․ ծնված Գայանե Եղոյանի դիերը: Որոշումներ են կայացվել Ռոզա Նազարյանին, Հրանտ Սարգսյանին, Հայկ Սողոմոնյանին և Գայանե Եղոյանին տուժող ճանաչելու մասին:
Հարցաքննվել են դեպքին առնչություն ունեցող և հարևանությամբ բնակվող տների բնակիչներ: Ստացվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության:
Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով:
Որոշում է կայացվել համապատասխան ընկերությունից առգրավել նշված տան գազի սպասարկման վերաբերյալ առկա փաստաթղթերը։ Նշանակվել է պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական, շինարարարատեխնիկական, դատաբժշկական, դիակի դատաբժշկական համալիր փորձաքննություն։
Ոստիկանությանը տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու և քննությանը հետաքրքրող տվյալների ձեռբքերման վերաբերյալ քննչական հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է։
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: