Նիստը վարողի իրավունքով խորհրդարանում «Հայոց պատմություն» թե «Հայաստանի պատմություն» բանավեճի շրջանակում արտահերթ ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցություն պատգամավորներ Արթուր Խաչատրյանի և Գեղամ Նազարյանի մեղադրանքներին:
«Թվում է, թե պարզ հարց է, բայց դուք գնացիք, հասաք այլ թեմաների, որոնք այս հարցի հետ ընդհանրապես կապ չունեն: Ի դեպ, այլ թեմաների շրջանակներում ես ուզում եմ հիշեցնել, որ Դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում Հայաստանի Առաջին Հանրապետությունը կորցրել է իր տարածքների մեծ մասը, որոնք անցել են Թուրքիային, հետո էլ կորցրել է իր անկախությունը: ՔՊ-ն չէր, չէ՞ 1920 թվականին կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը:
Բայց դրա մասին չէ խոսակցությունը: Հիմա պարզ հարց եմ տալիս՝ Հայաստան բառի հետ ինչ խնդիր ունեք: Հիմա եթե քննարկում ենք հարցը, ես էսպես եմ մտածում՝ հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է մի պետություն ունենալու համար, պարբերաբար կորցրել է պետականությունը, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության գաղափարը և երազանքը, և տարբեր կետերում վերականգնել է այդ պետականությունը, և ի երջանկություն բոլորիս՝ հիմա մենք ապրում ենք ազատ և անկախ Հայաստանում: Խնդիրը ո՞րն է:
Պարոն Նազարյանն ասաց (պատգամավոր Գեղամ նազարյան - խմբ.)՝ գուցե պետք է անվանել «Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն»: Ես դրան դեմ եմ հետևյալ պատճառով՝ արդյոք հայ ժողովրդի պատմությունը և Հայաստանի պատմությունը տարբե՞ր են: Իմ կարծիքով՝ դա նույն բանն է»,- ասաց Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ հարցը հետևյալն է, թե մենք որ դիտանկյունից են դիտում մեր պատմությունը, արդյոք մենք կարծում ենք, որ կա ինչ-որ առանձին հայ ժողովրդի պատմությո՞ւն, որը նույնական չէ Հայաստանի պատմությանը:
«Ես կարծում եմ՝ ոչ: Խնդիրը չեմ հասկանում: Մեր պատմությունը պատմություն է Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա: Եվ երբ դուք ասում եք՝ հակադրում եք ժողովուրդը պետությանը, դո՛ւք եք հակադրում, որովհետև մեր տեսանկյունից Հայաստանը և հայ ժողովուրդը անբաժան են: Չի կարող լինել ժողովրդի շահ, որը անջատ է Հայաստանի շահից: Ինչի՞ մասին ենք մենք ընդհանրապես խոսում»,- հայտարարեց Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է Արթուր Խաչատրյանի՝ կապիտուլյանտ քաղաքական ուժ լինելու մեղադրանքներին, խորհուրդ տվեց վերընթերցել Դաշնակցության տարբեր ներկայացուցիչների հուշերը 1918-1920 թվականների մասին: