Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա կսահմանվի արտահանման տուրք՝ հաշվի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեին: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
«Առաջարկում ենք այս երեք տեսակի ապրանքների վրա սահմանել արտահանման տուրք մոտավորապես իրենց շուկայական արժեքի 0,8-1 տոկոսի սահմաններում՝ կախված՝ այդ պահին շուկայական ինչ գին է, սակայն պետտուրքի մասին օրենքում դա ֆիքսված գին է, ասենք՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամ է, մոտավորապես 1 տոկոսն է:
Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել, և կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել: Մինչ այժմ մենք, ըստ էության, շատ սերտ աշխատել ենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների և ՊԵԿ գործընկերների հետ, որպեսզի ապահովենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների հաշվապահական շահութաբերությունը, որպեսզի դրանից էլ բխեն բյուջեի եկամուտները: Հիմա կարիք կա դա ինստիտուցիոնալացնել և, ըստ էության, մենք առաջարկում ենք այս տուրքերի միջոցով սա ֆիքսել»,- ասաց նա:
Քերոբյանը հիշեցրեց, որ արդեն հայտնի են 2023 թվականի տարեկան ցուցանիշները, և որ արտահանման և ներմուծման առումներով գրանցվել է զգալի աճ:
«Բայց առաջին անգամ ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը՝ ապրանքների և ծառայությունների, մոտեցել է կամ մենք գնահատում ենք, որ կանցնի 110 տոկոսը մեր ՀՆԱ-ի, իսկ արտաքին առևտրային բացասական սալտոն ավելի մեծ է, քան -2 տոկոսը, այսինքն՝ -2 տոկոսից 0 միջակայքում է լինելու, և դա ցույց է տալիս, որ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք վարում ենք, մեզ բավականին արագ մոտեցնում է մեր Կառավարության դրած թիրախին, այն է՝ հասցնել ապրանքների և ծառայությունների արտահանման ցուցանիշը ՀՆԱ-ի 60 տոկոսին»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվել, որ Հայաստանում ոսկու վերամշակումը նոյեմբերին 13 անգամ մեծացել է, ադամանդի արտահանումը մոտ 660 միլիոն դոլարի է հասել: Քերոբյանը նախ նշեց, որ խոսքը մոտ 10 ընկերությունների մասին է, որոնք Հայաստանում զբաղվում են ոսկու, պալադիումի և պլատինի արտաքին առևտրով: Նա նաև նշեց, որ արտահանված անմշակ ոսկին Հայաստանում չի դառնում վերջնական բանկային ստանդարտի ոսկու ձուլակտոր, բայց այդ ուղղությամբ աշխատանք է իրականացվում, և հավանական է, որ առաջիկայում այդ մասով կլինեն նորություններ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նկատեց՝ մետաղի ջարդոնների արտահանման մասին նախագծի և այս նախագծի միջև հակասություն է տեսնում, ապա հարցրեց՝ երկաթի դեպքում չի խրախուսվում արտահանումը, իսկ, օրինակ, ոսկու դեպքում խրախուսվո՞ւմ է:
Քերոբյանը պարզաբանեց՝ Հայաստանը չի արտադրում ոսկու ձուլակտոր, այսինքն՝ այս դեպքում միջազգային առևտրի մասին է, ոչ թե մեր երկրի ներսում ձևավորված հումքի:
«Մեր երկրի ներսում ձևավորված հումքը որևէ այլ կերպ չի կարող արտահանվել՝ բացի Հայաստանից արտահանվելուց, իսկ միջազգային առևտրի մեջ ընդգրկված ընկերությունները հանգիստ կարող են դա անել ուրիշ յուրիսդիկցիայով, մի քանի այլ երկրների միջոցով, և հիմա մենք ունենք մրցակցություն այդ երկրների հետ, որպեսզի ապահովենք այնպիսի միջավայր, որ ընկերությունները ոչ թե ընտրեն այլ յուրիսդիկցիա, այլ, այնուամենայնիվ, Հայաստանի միջոցով դա անեն»,- մեկնաբանեց Քերոբյանը: