Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես համագործակցում է դաշտում գործող ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ: Բազմաշերտ և բազմախնդիր ոլորտում շատ անելիքներ կան: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի հասարակական կազմակերպություններին պատվիրակած բազմաթիվ ծրագրեր, որովհետև ոչ պետական սեկտորի աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր է: Ողջունելով ԱՄՆ ՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանին և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Փիրուզա Մանուկյանին խորհրդարանում` ասել է հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիամ Պողոսյանը և Գայանե Եղիազարյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Մագդա Ավետիսյանը ներկայացրել է Քոնթերփարթ Ինթերնեյշնըլ ԳՔՀ ծրագիրը, որն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող հնգամյա ծրագիր է և իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության զարգացումը` ապահովելով ֆինանսական կայունությունը, կարողությունների հզորացումը, ինչպես նաև պետության ու քաղհասարակության միջև երկխոսության կայացումը: Ընդգծելով քաղհասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին՝ Մագդա Ավետիսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ խորհրդարանական մյուս հանձնաժողովների ներկայացուցիչների հետ` փորձելով գտնել համագործակցության եզրեր:
Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է ծրագրի գործունեության շարունակականությունն ապահովող քայլերի, տրամադրված դրամաշնորհների իրականացման մասին: Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հասարակական կազմակերպությունների` օրինագծերի մշակման գործընթացին հնարավոր մասնակցության մանրամասները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի համայնքահենք կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված ծրագրերին: Ընդգծվել է քաղաքացիական հասարակություն և պետություն համագործակցության կարևորությունը: