ՆԳՆ ՓԾ-ի գործառույթը հետևանքների վերացումն էր, տուժածներին օգնություն ցուցաբերելը, մենք մեր գործողություններն ավարտել ենք: Այդ մասին Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի վայրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
«Վարկած չկա, ես վարկած չեմ կարող ասել: Պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով տուժածներ կան, մենք մեր աշխատանքները իրականացրել ենք»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է գազի արտահոսք է եղել, Ցուցուլյանը պատասխանեց՝ փորձաքննության արդյունքում պարզ կդառնա:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Փլատակներից դուրս էր բերվել երկու քաղաքացի՝ մեկ կին և մեկ տղամարդ, որոնք հոսպիտալացվել են: Իսկ ավելի ուշ երկու դի է դուրս բերվել փլատակներից: Հայտնի է նրանց ինքնությունը: