Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունից հավանական տուժածներից մեկի բարեկամը՝ Թամար Մանուկյանը, լրագրողներին պատմել է, որ 11:33-ին զանգել է տալոջը, որը պայթյունի հասցեում է բնակվում, խոսել է հետը: Քիչ անց, երբ հեռուստատեսությամբ լսել են պայթյունի մասին, նորից զանգել է տալոջը, բայց հեռախոսն արդեն անհասանելի էր: Իսկ նրա ամուսնու հեռախոսազանգերը գնում են, բայց անպատասխան են մնում:
«53 տարեկան տալս է, ամուսինն էլ՝ 37, 38-ի մեջ... Լուրերով տեսա՝ տալիս տան մուտքն է, վազելով եկանք»,- ասաց Թամար Մանուկյանը, ապա հավելեց, որ հաստատ տանն են եղել, այդ ժամին դուրս չէր գա տալը, քանի որ գիշերը աշխատանքի էր:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի՝ մեկ կին և մեկ տղամարդ: Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են հնարավոր այլ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: