Երևանի Նոր Արեշի փողոցում տեղի ունեցած պայթյունից հետո փլատակներից դուրս բերված 86-ամյա քաղաքացու հարսը, որը ևս նույն թաղամասի բնակիչ է, դեպքի վայրում աշխատող լրագրողներին հայտնել է, որ հոսպիտալացված սկեսրոջ առողջական վիճակի մասին դեռ նորություն չունեն:
Լրագրողների դիտարկմանը, թե վարկած է շրջանառվում՝ պայթյունի հեղինակը երիտասարդ մի տղա է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, և անգամ երեկ նրան փորձել են տեղափոխել հոգեբուժարան, Նոր Արեշի բնակիչն ասել է, որ տեղյակ չէ այդ մասին:
«Հետը բարև-բարլուս է եղել, նորմալ տղա է եղել»,- ասաց Նոր Արեշի բնակիչը և տեղեկացրեց, որ այդ երիտասարդն ապրելիս է եղել ծնողների ու եղբոր հետ:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի՝ մեկ կին և մեկ տղամարդ: Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են հնարավոր այլ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: