Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից հետո հոսպիտալացված քաղաքացիներից մեկը 30 տարեկան է, մյուսը՝ 86: Ծանր է 30-ամյա քաղաքացու վիճակը: Այդ մասին հայտնում է 1lurer.am-ի թղթակիցը:
Ավելի վաղ փլատակներից դուրս էր բերվել երկու քաղաքացի՝ մեկ կին և մեկ տղամարդ: Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են հնարավոր այլ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։