Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:
Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։