ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նախաձեռնությամբ առաջարկվող իրավակարգավորումները նպատակ ունեն թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, լուծել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է այն բովանդակային և խմբագրական բնույթի փոփոխությունները, որոնք կատարվել են առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո: Առաջարկներն ընդունվել են, ինչի արդյունքում նախագիծը լրամշակվել է:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: