Ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում Իրանի հետ կապ ունեցող օբյեկտներին՝ ի պատասխան հունվարի 28-ին Հորդանանում ամերիկյան բազայի վրա անօդաչու սարքի հարձակմանը, որի հետևանքով երեք ամերիկացի զինվորական է զոհվել, 40-ից ավելին՝ վիրավորվել:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալով՝ թիրախում են եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և դրա հետ կապ ունեցող զինված խմբավորումները: Հայտնի է 80-ից ավելի թիրախի խոցման մասին: Ավիահարվածների ժամանակ տարբեր հզորության ավելի քան 125 զինամթերք է կիրառվել։ ԶԼՄ-ների տվյալով՝ կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ Վաշինգտոնը կշարունակի պատասխանել ամերիկյան բազայի վրա հարձակմանն այն պահին և վայրում, որը ճիշտ կհամարի:
«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Մերձավոր Արևելքում կամ աշխարհի որևէ այլ կետում: Բայց կարձագանքենք, եթե մեզ վտանգ սպառնա»,- շեշտել է Ջո Բայդենը:
Չնայած Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությանը, որ Իրաքի իշխանությունը նախապես տեղեկացվել է հնարավոր հարվածների մասին՝ Իրաքի զինված ուժերի խոսնակ Յահյա Ռասուլը դատապարտել է ԱՄՆ գործողությունները՝ դրանք որակելով երկրի ինքնիշխանության խախտում: Նա մտահոգություն է հայտնել, որ տեղի ունեցածը սպառնում է տարածաշրջանային կայունությանը։
Թեհրանն էլ հերքում է բոլոր մեղադրանքները և Հորդանանում տեղի ունեցածի հետ կապը: Միաժամանակ, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զգուշացրել է՝ չեն պատրաստվում պատերազմ սկսել, սակայն վճռական պատասխան կտան ցանկացածին, ով կփորձի ահաբեկել Իրանին:
Ավելի ուշ արաբական լրատվամիջոցները հայտնել են, որ հրթիռային հարված է հասցվել նաև Սիրիայի արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։ Դեռ հայտնի չէ՝ ով է հարձակման հեղինակը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: