Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Եվրամիությունը Մերձավոր Արևելքում զարգացումները գնահատում է կրիտիկական: ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Միության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը կոչ է արել չսրել լարվածությունը: «Մերձավոր Արևելքը կաթսա է, որը կարող է ցանկացած պահի պայթել»,- ասել է Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ մտահոգություն է առաջացնում իրավիճակը Կարմիր ծովում, և այն հազիվ թե կարգավորվի, մինչև Գազայի հատվածում հրադադար չհաստատվի: Բորելի խոսքով՝ Եվրամիությունը ծովային պաշտպանական առաքելություն է ձևավորում՝ արձագանքելու Կարմիր ծովում լարվածությանը:
Նախարարների հանդիպման օրակարգում են նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը, Կիևին ռազմական աջակցության շարունակականության ապահովումը, Գազայի հատվածում չդադարող ռազմական գործողությունները և ահագնացող հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին աջակցության գործակալության հարցը, որի մի շարք աշխատակիցներ մեղադրվել են ՀԱՄԱՍ-ի հետ գործակցելու համար: