Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը, ի թիվս այլ հարցրի, ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքը 2020-2022 թթ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման արագ վերսկսումն է»,- հայտարարել է Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվին ուղղված Երևանի առաջարկը՝ ստորագրել չհարձակման մասին պայմանագիր։
Զախարովան մեկնաբանել է նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏՕ-Երևան հարաբերությունների մասին:
«Եթե ինչ-որ մեկը մերձեցում է ուզում, պետք է հասկանալ՝ որքանով է դա անվտանգ և ինչ հետևանքներ կբերի։ Մենք տեսել ենք՝ ինչի է հանգեցնում շատ երկրների մերձեցումը ՆԱՏՕ-ին․կոնֆլիկտներում ներգրավում, անկախության և սուվերենության կորուստ, ամենակարևորը` սեփական, ազգային շահերի սպասարկման հնարավորության բացակայություն», - նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ փետրվարի 7-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ:
«Նախատեսվում է կարծիքների փոխանակում կազմակերպության և հարակից տարածաշրջանների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի շուրջ», - ասել է Զախարովան։
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: