Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում և 1,164,212.8 հազար դրամ ուղղվել «Մինչև 2026 թ․ 300 դպրոցի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակում ընտրված Երևանի դպրոցների կառուցման աշխատանքների մեկնարկմանը և 2024 թ. շինարարությունն ավարտվող օբյեկտների շենքերի չափագրմանը։
Որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվում թվով 30 դպրոցի և 6 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Այդ հաստատություններից 7-ը գտնվում է Երևանում, 6-ը՝ Արագածոտնում, 8-ը՝ Արմավիրում, 4-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Կոտայքում, 1-ը՝ Սյունիքում, 6-ը՝ Տավուշում։
Որոշմամբ նաև 157.2 մլն դրամ է հատկացվում ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երևանի թվով 6 դպրոցի անհատական նախագծերի ձեռքբերման համար։ Դպրոցները ներառվել են 300 դպրոցի ծրագրում։ Այդ հաստատություններն են՝ Գ.Գուրզանդյանի անվան թիվ 163 հիմնական, Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ, Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ, Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական, Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական, թիվ 173 և թիվ 31 հիմնական դպրոցները:
Նախատեսվում է նաև գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ շինարարությունն իրականացվող և մինչև 2024 թ. մայիսի 1-ը ներառյալ ավարտվող թվով 30 օբյեկտի շենքերի չափագրման ծառայության ձեռք բերման համար։ Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացվում է 5,912.8 հազար դրամ գումար՝ չափագրման ծառայության արժեքը հաշվարկելով 250 դրամ:
Որոշմամբ նախատեսվում է նաև կատարել միջհոդվածային փոփոխություն Բերդկունքի ամրոցի (Իշխանաց բերդ) հնավայրի և Եղեգնաձոր համայնքի Հորս գյուղի Չեսար Օրբելյանի պալատի և հարակից եկեղեցու պեղումների իրականացման նպատակով և նախատեսված գումարը հատկացնել Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ որպես պեղումների իրականացման մասնագիտացված կառույցի։