ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտությանը:
«2020-ի պատերազմը փոխեց մեր անվտանգային ողջ ճարտարապետությունը: Դրա մասին մենք խոսեցինք: Մինչ այդ գործող անվտանգության մեր ռազմավարությունը որքանո՞վ է պիտանի և արդյոք մենք այսօր կարող ենք ասել, որ ունենք գործուն ռազմավարություն, որն արդեն ունակ է արդեն այսօրվա անորոշ աշխարհում ապահովել մեր անվտանգությունը, նաև սպասարկել մեր առաջ կանգնած այս անվտանգային մարտահրավերները: Սրա մասին էլ խոսենք»,- հարցին վարչապետը պատասխանեց.
«Ոչ, այսօր ունեցած ազգային անվտանգության ռազմավարությունը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան: Իմիջիայլոց՝ ես Ձեզ ասեմ, հիշում եմ ազգային անվտանգության ռազմավարության քննարկումները և իմ զգացողություններն այդ ռազմավարությունն ընդունելու ժամանակ: Այս, ինչ խոսեցինք, այն ժամանակ այս զգացողությունը, այս լարումը եռում էր մեր մտքերում, մեր գիտակցության մեջ: Բայց ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն և ազգային անվտանգության մեր նոր ռազմավարությունը պետք է արտահայտի այդ իմ ասած բովանդակությունը, արտահայտի պետության լեգիտիմ տարածքային ամբողջականության շրջանակները և շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ: Օրինակ, ինքը, ճիշտ է, ուղիղ անվտանգային օրակարգում չի ընկալվում:
Այս վերջին շրջանում շատ ենք խոսում նաև պետության և պետական շահի մասին, հնչում է չէ՞ ու անընդհատ: Իմիջիայլոց, այս հակադրությունն էլ կա, որն ամենասուրն է արտահայտվում մեր լեզվամտածողության բերումով՝ ազգային շահ և պետական շահ, ազգ և ժողովուրդ: Գիտեք ի՞նչ, սա անընդհատ քննարկել ենք, ժողովրդի գիտակցության մեջ էլ դա արտահայտվել է, բայց մենք նաև մեր ժողովրդի արտահայտությունների նկատմամբ ուշադիր չենք: Օրինակ՝ ժամանակին, ես հիշում եմ, չգիտեմ հիմա մարդիկ դա օգտագործո՞ւմ են: 90-ականներին մարդիկ շատ էին օգտագործում, ասում էին՝ այս ազգն այս ժողովրդի ձեռքը կրակն է ընկել, կամ այս ժողովուրդն այս ազգի ձեռքը կրակն է ընկել: Ո՞նց են ստեղծվում այս խոսույթները: Հասկանո՞ւմ եք, ինքն իրականում այսօրվա քննարկման թեմայի հետ շատ կապ ունի: Բայց հետաքրքիր է՝ ով և ոնց է ստեղծել այս արտահայտությունը, որն ընկալվում է որպես անեկդոտ կամ զվարճալի շուտասելուկ, բայց ինքն իրականում շատ լուրջ հոգեբանական և քաղաքական շերտեր է բերում:
Եվ, այս վերջին շրջանում նաև դրա մասին մի քանի անգամ հրապարակային արտահայտվելու առիթ եմ ունեցել: Օրինակ, տեսեք ասում ենք՝ մենք պետք է առաջնորդվենք պետական շահով: Իսկ պետական շահը ո՞րն է: Իմ մեկնաբանությունը, որը նաև ես պրակտիկայում, այսինքն՝ վարչապետի տեսակետից, այս բոլոր աղետների միջով անցնելով, ես վստահ չեմ կամ չեմ հավակնի բացարձակ ճշմարտություն կրողի դերին, բայց առաջարկում եմ, որ մենք այս թեման քննարկենք. ես եկել եմ այն համոզման, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես՝ զարգացումը, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք՝ բանակ, կրթություն, սահմանների անվտանգություն, ինքը կոնկրետ բյուջետային ծախս է»: