ՆԳ նախարարի հրամանով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վեցօրյա աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև փետրվարին:
Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերին սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այսուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց ՀՀ-ում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Կենտրոնականի, Նոր Նորքի, Շենգավիթի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Ավանի, Մալաթիայի, Էրեբունու, Մաշտոցի, Կոտայքի, Վաղարշապատի, Աշտարակի, Արարատի խմբի (ք․Վեդի), Արարատի բաժանմունքի, Արտաշատի, Գորիսի, Իջևանի, Նաիրիի, Հրազդանի, Մեծամորի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում փետրվար ամսվա շաբաթ օրերը՝ 2024 թվականի փետրվարի 3-ը, 10-ը, 17-ը և 24-ը սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 09.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով: