Եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից հետո էլ՝ 2018 թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո էլ, և՛ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո էլ, և՛ անկախ այս ամենից Սահմանադրության թեման Հայաստանի Հանրապետությունում միշտ կենդանի է եղել ամենատարբեր առիթներով: Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թ. հեղափոխությունից հետո կային ձայներ, կարծիքներ, որ պետք է փոխել Սահմանադրությունը և վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի: Ես այդ գաղափարը չէի կիսում: Այս մասին Հանրային ռադիոյի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատերազմից հետո նորից այդ գաղափարը հնչեց, որ եթե մենք ունենայինք կիսանախագահական համակարգ, գուցե ամեն ինչ այդպես չստացվեր: Եթե անկեղծ ասեմ, հենց անմիջապես այդ պատերազմական շրջանում ես էլ էի մտածում, որ գուցե այդ փաստարկները ճիշտ են, և գուցե ես ինքս էլ թերագնահատել եմ այդ հանգամանքը, որովհետև մեր գործող Սահմանադրությամբ գերագույն հրամանատար, բանակ և այլն՝ այդ հարաբերությունները երբ և ինչպես են գործում, և ուղղահայացում էլ ճեղքեր կան, որոնք նույնպես 44-օրյա պատերազմի ժամանակ, իհարկե, իրենց արտահայտեցին, ի ցույց դրեցին: Բայց ընդհանրապես վերջին շրջանում և հիմա շատ լայնորեն քննարկվում է, խոսել եմ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, և եթե ինձ հարցնեք՝ ինչո՞վ է պայմանավորված նոր Սահմանադրությունը, ես վերջին շրջանում նաև շատ եմ խոսում հայրենիք-պետություն հասկացությունների հարաբերությունների մասին, շատ եմ խոսում պետական ինստիտուտներն ամրացնելու անհրաժեշտության մասին: Շատ եմ խոսում և շատ եմ խոսել, և, մեծ հաշվով, նաև 2018 թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը նաև քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին է, քաղաքացի-պետություն դե յուրե, դե ֆակտո սոցիալական, աշխատանքային հարաբերությունների մասին:
Եվ ես արձանագրում եմ, միշտ եմ արձանագրել, բայց իհարկե հետագայում է, որ դրա կարևորության ընկալումն ինձ համար դարձել է ամբողջական: Մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք: Ինչո՞վ է արտահայտվում այդ ճեղքը: Այդ ճեղքն արտահայտվում է նորից լեգիտիմությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995 թ. և մի քանի անգամ փոփոխվել է, այդ Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն: Այսինքն՝ ես գնացի և արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների և պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում ենք այսպես և ապրում ենք այսպես: Այսօր շատ եզրույթներ կան, որ մենք ասում ենք, և վերլուծաբանները, մտավորականները շատ հաճախ խոսում են այն մասին, որ մենք պետական ժողովուրդ չենք, մենք երկար ժամանակ պետություն չունեցած ժողովուրդ լինելով՝ դեռ չենք դարձել պետական ժողովուրդ և այլն, և այդպես շարունակ: Այս խոսույթը կա, բայց ես չեմ ուզում մտնել դրա մանրամասների մեջ, ասել՝ այդպես է թե այդպես չէ, որովհետև ինչ-որ առումով այդպես է, ինչ-որ առումով այդպես չէ, բայց ես ուրիշ բան եմ ուզում մենք ֆիքսենք. ո՞րն է այն կետը, ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի: Այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է, երբ մարդը գնում է ինքն իր ազատ կամքով, առանց հարկադրանքի, առանց կեղծիքների, առանց ընտրակեղծիքների, առանց մանիպուլյացիաների և ձեռք բերում պայմանավորվածություն»,- ասաց վարչապետը:
Հարցին՝ ըստ էության, գործող Սահմանադրության խութերն են միգուցե, որ պետություն և հասարակություն այդ ճեղքը լրացնելու, այդ ճեղքը բուժելու խնդիր է հանդիսանում, վարչապետը պատասխանեց.
«Գիտեք, այս առումով, ոչ թե ընդհանրապես, այլ իմ այս ասածի առումով էական չէ՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ, այս կոնտեքստում, իհարկե էական է՝ ինչ է գրած, բայց այս կոնտեքստում էական չէ՝ ինչ է գրած Սահմանադրության մեջ, էական է, թե ինչքանով այդ Սահմանադրությունն օրգանիկ կապ ունի ժողովրդի հետ: Օրգանիկ կապը ժողովրդի հետ ոչ միայն արտահայտվում է, որ մենք պետք է քննարկենք, բոլոր նրբությունները հասկանանք, բոլոր ձևակերպումները հանենք: Սահմանադրության տեքստը, գիտեք, մեծ մասամբ ավելի շատ մասնագիտական քննարկման ձևակերպումների խնդիր է քաղաքական ուղենիշները սպասարկելու համար, բայց պետության հետ գենետիկ կապը, ժողովրդի հետ գենետիկ կապը ձևավորվում է այն պահից, երբ ժողովուրդն ընդունում է, հաստատում է այդ պայմանը, առաջինն ինքն արձանագրում է, որ ինքն այլևս պետական ժողովուրդ է, և ինքն արձանագրում է, որ այս պետության սահմաններում իրար հետ մենք հարաբերվելու ենք այս կանոններով:
Այսինքն՝ իմ ընկալմամբ և համոզմամբ՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է այս գենետիկ կապը մեր ժողովրդի և մեր պետության հետ, այդ ճեղքը լրացնելու գենետիկ կապը, որովհետև մեր հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել...»:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը:
«Կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, կառավարությունը կարող է խոսել ժողովրդի հետ, կառավարությունը կարող է իր բացատրությունները ներկայացնել ժողովրդին, և միայն ժողովուրդը կարող է այդ որոշումը կայացնել: Ընդ որում՝ ես հիմա տեսնում եմ նաև որոշակի շահարկումներ, որոնք անընդունելի են: Հիմա արդեն սկսել են ասել, թե իշխանությունը կկեղծի քվեարկությունը: Գիտեք՝ տասնյակ ընտրություններ ենք արել Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունից հետո, թող ցույց տան մի դեպք, ՏԻՄ մակարդակում, համապետական մակարդակում, միջազգայնորեն ճանաչվել է մեր ընտրությունների օրինականությունը, ՏԻՄ մակարդակում միջազգային դիտորդներ միշտ չէ, որ լինում են, եղել են դեպքեր, որ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է, եղել են դեպքեր, որ մենք պարտվել ենք: Թող ցույց տան մի դեպք, երբ մենք մի քվեաթերթիկի հետ կապված հարց ենք բարձրացրել, կամ կեղծիք է տեղի ունեցել, որովհետև այդ ճանապարհով գնալ՝ կնշանակի ոչնչացնել մեր իսկ քաղաքական ինքնությունը: Դա անհնար է»,- ասաց վարչապետը: