Կառավարության փետրվարի 1-ի նիստին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ներկայացրեց թմրաշրջանառության դեմ պայքարի մասով երկու տարիների՝ 2022-2023 թվականների վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 4025 քրեական վարույթ է նախաձեռնվել, վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որից 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է, և 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան:
Առանձին վիճակագրության կա նաև թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով:
«106 վարույթ էլ այս դեպքերով է ավարտվել, և 116 անձի վերաբերյալ քրեական գործերը գնացել են դատարան: Եթե ընդհանրացնենք, 2023-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանանեգության դեպքերով ընդհանուր 1423 անձի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել դատարան»,- ասաց Քյարամյանը՝ առանձնահատուկ նշելով, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ մեխանիզմները փոփոխվել են:
«Եթե ավելի պատկերավոր ասեմ՝ թմրանյութը տվեցին, փողը վերցրին, օպերատիվ մարմինը գնաց, բռնեց՝ հիմնականում գոյություն չունի: Հիմնականում մեխանիզմը տեղափոխվել է տարբեր խանութ-հարթակներ, ինտերնետ հավելվածների միջոցով են իրականացնում առուվաճառքը, և իրավապահ համակարգն էլ, բնականաբար, ինչպես ցանկացած հանցագործության որակական աճի դեպքում, կամաց-կամաց սկսում է ադապտացվել և փոխում է իր աշխատանքի մեթոդիկան: Կարծում եմ՝ մեր գնահատմամբ, այս պահին իրավապահ համակարգը հենց այդ փուլում է՝ նոր մեթոդիկայի մշակման փուլում»,- ասաց նա:
Քյարամյանը հիշեցրեց, որ անցած տարի ոստիկանության և դատախազության գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում կարողացել են մի մեծ հանցավոր խումբ բացահայտել, և որ դա առաջին անգամ է, որ նախկինում իրավապահ համակարգին հայտնի մեթոդները չեն կիրառվել, այլ կիրառվել են բացառապես այլ մեթոդներ՝ բացահայտելու համար թմրաշրջանառության դեպքերը:
«Անցած տարվա ընթացքում 150-ից ավելի տելեգրամյան հարթակներ ենք բացահայտել մեր գործընկերների հետ համատեղ, 8 սենյակ լաբորատորիաներ ենք բացահայտել:
Շատ կարևոր հանգամանք կա, որ մենք փորձել ենք նաև փողերի լվացման համատեքստում դիտարել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, և ես այդ ցուցանիշն էլ ունեմ: Անցած տարվա ընթացքում մեղադրանքով մեղսագրվել է 5,1 միլիարդից ավելի փողերի լվացում, 3,6 միլիարդի մասով գնացել է դատարան:
Եվ շատ կարևոր մի հանգամանք էլ եմ ուզում նշել. քննչական ճանապարհով անցած տարի 30 տելեգրամյան հարթակ է փակվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ»,- ասաց նա:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն իր հերթին ներկայացրեց համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը:
«2023 թվականին համացանցի միջոցով արձանագրվել է 489 դեպք, որից 128-ը՝ իրացման, իսկ 361-ը՝ թմրամիջոցի ձեռքբերման դեպք»,- ասաց նա և հավելեց, որ դա 2022-ի համեմատ բավականին լավ ցուցանիշ է: